Tesla-ն և SpaceX-ը Օսթինում կկառուցեն չիպերի արտադրության խոշոր գործարան

Ամերիկյան Tesla և SpaceX ընկերությունները Օսթինում (Տեխաս նահանգ) կկառուցեն չիպերի արտադրության խոշոր գործարան: Այս մասին հայտարարել է երկու ընկերությունների գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկը։

«Կամ մենք կկառուցենք Terafab-ը, կամ չիպեր չենք ունենա», – ասել է նա նախագծի մասին՝ այդ քաղաքում անցկացված միջոցառման ընթացքում։

Նրա խոսքով՝ Terafab-ը կարտադրի չիպեր Tesla-ի էլեկտրամոբիլների, մարդանման Optimus ռոբոտների, ինչպես նաև տիեզերական կիրառությունների համար, որտեղ SpaceX-ը նախատեսում է տեղակայել մեծ թվով արբանյակներ՝ արհեստական բանականության հաշվարկների նպատակով։

Մասկը սոցիալական X հարթակում նշել է, որ համալիրը բաժանված կլինի երկու մասի, որոնցից յուրաքանչյուրը կարտադրի որոշակի տեսակի չիպեր։

Նրա խոսքով՝ Terafab-ը կհագեցվի բարդ լիթոգրաֆիայի համար անհրաժեշտ տեխնիկայով, ինչպես նաև միկրոսխեմաների նախագծման, փորձարկման և արտադրության սարքավորումներով։

Միլիարդատերը Օսթինում կայացած միջոցառման ժամանակ պարզաբանել է, որ նման գործարան անհրաժեշտ է, քանի որ Samsung-ը, TSMC-ն և այլ գործընկերներ չեն նախատեսում արտադրության աճ այնպիսի տեմպերով, որոնք կբավարարեն Tesla-ի և SpaceX-ի պահանջները։

Մասկը չի հստակեցրել Terafab-ի կառուցման ժամկետները և Tesla-ի ու SpaceX-ի միջև դերաբաշխումը տվյալ նախագծում։

Morgan Stanley-ի վերլուծաբանները վերջերս գնահատել էին Tesla-ի սեփական չիպերի գործարանի կառուցման արժեքը՝ զգալիորեն ավելի քան 20 միլիարդ դոլար, իսկ ժամկետները՝ մի քանի տարի։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment