ՌԴ-ն հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր կան

Քաղաքականություն

24.03.2026 | 13:10

Ռուսական ուժերն անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով զանգվածային հարված են հասցրել ուկրաինական Զապորոժիեին։ Մեկ մարդ զոհվել է, ինը՝ վիրավորվել։ Այս մասին հայտարարել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը, գրում է Current time-ը։

Նրա խոսքով՝ վնասվել են 20 բազմահարկ և 6 մասնավոր տներ, խանութ, ոչ բնակելի շենքեր և արդյունաբերական ենթակառուցվածքային օբյեկտ։

Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայությունը նշում է, որ հարվածը հրդեհ է առաջացրել բազմահարկ շենքում։ Այրվել են նաև բեռնատարներ և մարդատար մեքենաներ, իսկ պայթյունի ալիքը վնասել է տարբեր շենքեր։

Պոլտավայում և Պոլտավայի շրջանում զոհվել է 2 մարդ, 7-ը, այդ թվում՝ մեկ երեխա, վիրավորվել։ Վնասվել են բնակելի շենքեր, հյուրանոցներ և արդյունաբերական օբյեկտներ։ Փրկարարներն աշխատում են տեղում, հետևանքների վերացման  աշխատանքները շարունակվում են։

Խերսոնում ռուսական հրետանային կրակոցներից մեկ տղամարդ է զոհվել, նրա մարմինը հայտնաբերվել է իր տան փլատակների տակ։ Վիրավորվել են ևս երկու տեղի բնակիչներ՝ 64 և 65 տարեկան։ Տեղական իշխանությունները հայտնել են, որ, ընդհանուր առմամբ, վնասվել է 11 մասնավոր տուն։

Մարտի 23-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, վկայակոչելով հետախուզության տվյալները, հայտարարել էր, որ «ռուսները, հնարավոր է, պատրաստվում են զանգվածային հարվածի» և կոչ արել հանրությանը՝ ուշադրություն դարձնել տագնապի ազդանշաններ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment