Թել Ավիվում Իրանի հրթիռային հարվածից 6 մարդ է վիրավորվել

Իրանի կողմից վերջին հրթիռային հարձակումից հետո Թել Ավիվի կենտրոնում վնասներ կան։ Քաղաքի չորս վայրերում թեթև վիրավորում է ստացել վեց մարդ, վնասվել են բազմաթիվ շենքեր և տրանսպորտային միջոցներ, գրում է The Times of Israel-ը։

Անվտանգության պաշտոնյաները հայտնում են, որ շուրջ 100 կիլոգրամ պայթուցիկ նյութ պարունակող զինամթերքը պայթել է Թել Ավիվի կենտրոնում՝ հանգեցրելով շենքերի և տրանսպորտային միջոցների լայնածավալ վնասների։

Ներքին ճակատի հրամանատարության պաշտոնյա, գնդապետ Միկի Դեյվիդը հայտնել է, որ այսօր առավոտյան քաղաքի փողոցում ընկած իրանական մարտագլխիկը զգալի վնաս է հասցրել մոտակա երեք շենքերին, սակայն լուրջ վնասվածքներ չեն եղել։

«Ուրախ եմ հայտնել, որ այս միջադեպի ժամանակ, որը շատ դրամատիկ տեսք ունի, երեք մարդ միայն թեթև վիրավորվել է»,- ասել է նա դեպքի վայրում լրագրողներին՝ հավելելով, որ բնակիչների մեծ մասն ապաստան է գտել մոտակա ռմբապաստարանում։

Դեյվիդը նաև նշել է՝ արկի պատճառած զգալի վնասը ցույց է տալիս, որ այն չի անջատվել կասետային զինամթերքից, բայց, ըստ երևույթին, դեռևս ավելի փոքր է եղել, քան Իրանի կողմից նախկինում արձակված սովորական, ոչ կասետային մարտագլխիկները։

Ավեի վաղ Իրանի պետական ​​լրատվամիջոցները հաղորդել էին Իսրայելի ուղղությամբ «հրթիռների նոր ալիքի» մասին։

«Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել օկուպացված տարածքների ուղղությամբ»,- Telegram-ում գրել է Իրանի պետական ​​հեռարձակողը (IRIB):

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment