1-ամյա երեխայի սպանության դեպքով երկրորդ վարույթն է նախաձեռնվել

Հասարակություն

23.03.2026 | 18:01

Արաբկիրում 1 տարեկան երեխայի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ։ Այս մասին Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին Գլխավոր դատախազությունից։

«Վարույթ է նախաձեռնվել երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով (Քրեական օրենսգրքի 247֊րդ հոդվածի հատկանիշներով), որը միացել է նախորդ քրեական վարույթին: Կատարվում է նախաքննություն»,- նշեցին Դատախազությունից։

Հիշեցնենք, որ 1 տարեկան երկու ամսական երեխան «Արաբկիր» ԲԿ էր տեղափոխվել մարտի 16-ին՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ։ Ժամեր անց ՆԳՆ-ն հայտնել էր, որ Արարատի մարզում մեկ տարեկան երեխայի սպանության փորձի համար ձերբակալվել է մեկ անձ։ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 1-ամյա երեխան այս տարվա հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը պարբերաբար ֆիզիկական ներգործության է ենթարկվել, իսկ մարտի 15-ին փորձել են դիտավորությամբ կյանքից զրկել փոքրիկին։ Հանրային քրեական հետապնդում էր հարուցվել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։ Նա երկու ամսով կալանավորվել է։

Մարտի 21-ի առավոտյան «Արաբկիր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ երեխայի կյանքը փրկել չի հաջողվել։

«Բժիշկներին հաջողվել էր վերականգնել երեխայի կենսական ֆունկցիաները։ Վերջին օրերին նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում, և բժիշկները շարունակում էին պայքարել նրա կյանքի համար։ Ցավոք, մարտի 21-ին արձանագրվել է երեխայի կենսաբանական մահը»,- հայտնել են բուժկենտրոնից։

 

Ռոզա Վարդանյան

Leave a comment