«Սեպտեմբեր ամիսը պայմանական է վարչապետն ասել, նկատի ունի ընտրություններից կարճ ժամանակ անց, իսկ որ այդպիսի հեռանկար կարող է լինել, միանշանակ է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի սպառնալիքները, թե եթե իրենք չընտրվեն, սեպտեմբերին պատերազմ կլինի:
Լրագրողի դիտարկմանը, թե վարչապետի արածը շանտա՞ժ չէ, նախարարը զարմացավ. «Շանտաժը ո՞րն է: Մենք առաջարկում ենք խաղաղություն»:
Լրագրողի դիտարկմանը, թե 4 պատերազմ է ձեր իշխանությունը բերել այս երկրի գլխին, նախարարն արձագանքեց. «Մեր իշխանությունը պատերազմ չի բերել, պատերազմը հետեւանք է եղել. ամենապարզունակ եւ միամիտ քայլը կլինի ասել, որ էսինչը կամ էնինչը պատերազմ է բերել, պատերազմը հետեւանք էր: Մեր օրոքը լրիվ ուրիշ բան է: Այո՛, մեր օրոք է եղել, բայց անհեթեթություն է ասել, թե դուք եք բերել պատերազմ։ Դա հետեւանք է 30 պլյուս տարիներ, այդ թվում ես, սխալ քաղաքական մտքի շրջանակներում մնալու, չհասկանալու հետևանք է, որ պետք է այդ հարցը լուծվեր եւ այլ կերպ չէր կարող լուծվել եւ այլն»:
Դիտարկմանը, որ անգամ իշխանության ասած խաղաղությունն այսօր հնարավոր չէ, որ իրագործվի, Միրզոյանն ասաց. «Կարելի՞ է արդյոք ձեր ասածից բխեցնել հետեւյալը, որ քանի որ մենք տեսնում ենք, որ նույնիսկ խաղաղության ասողները խաղաղության մեջ չեն կարողանում մնալ, եկեք հենց հիմիկվանից թեւերներս քշտենք ու մտնենք պատերազմի մեջ։ Ինչքան հնարավոր է, պետք է պահել մեր խաղաղությունը»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: