Հայաստանն ու Պակիստանը պատրաստվում են դեսպաններ հավատարմագրել․ Միրզոյան

Հայաստանն ու Պակիստանը պատրաստվում են դեսպաններ հավատարմագրել, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 23-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին։

«Պակիստանի հետ տարիներ շարունակ խնդիր կար: Դա մի թնջուկ էր, որը կապվում էր Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ: Անցած տարի մեզ հաջողվել է հասնել փոխըմբռնման և հարաբերություններ հաստատել: Պակիստանյան կողմն էլ իր կողմից բավականին մեծ հանդիսավորություն հաղորդեց այս փաստին, հաստատեցինք դիվանագիտական հարաբերություն: Այժմ կապի մեջ ենք և դեսպաններ ենք հավատարմագրելու, այս փուլում՝ ոչ ռեզիդենտ: Այդ պրոցեսի մեջ ենք»,- ասել է նախարարը:

Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 2025-ի օգոստոսին՝  համատեղ կոմյունիկեի ստորագրմամբ։ Ըստ կոմունիկեի՝ երկու երկրների կառավարությունները ձգտում են զարգացնել բարեկամական հարաբերություններ՝ ՄԱԿ կանոնադրությանը համապատասխան՝ ներառյալ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ագրեսիայի բացառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, հավասարության, փոխշահավետության և խաղաղ գոյակցության սկզբունքները։

***

Մինչ այդ Պակիստանը չէր ճանաչում Հայաստանի Հանրապետությունը և չուներ դիվանագիտական հարաբերություններ Երևանի հետ։ Պակիստանի այս դիրքորոշման հիմնական պատճառը Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարամյա հակամարտությունն է Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Պակիստանն Ադրբեջանի դաշնակիցն է։ Պակիստանի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ Հայաստանը չեն ճանաչի, քանի դեռ Ղարաբաղի հարցը լիովին չի կարգավորվել Ադրբեջանի օգտին։

The post Հայաստանն ու Պակիստանը պատրաստվում են դեսպաններ հավատարմագրել․ Միրզոյան appeared first on CIVILNET.

Leave a comment