ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն Աշտարակի բնակիչների հետ հանդիման ժամանակ կարճ ելույթ ունեցավ` նախապատվությունը տալով ակտիվ շփմանը` հարց-պատասխան ֆորմատին, որը, ըստ նրա, հնարավորություն կտա իրական տրամադրությունները շոշափելու։ Անդրադառնալով նախընտրական շրջանում ըննդիմության դիրքավորմանը` տեղեկացրեց, որ ըննդիմադիր դաշտի` խոշոր ընտրական միավորներով հանդես գալու գործընթացը գլուխ է գալիս։
Ըստ նրա, անչափ կարևոր է, որ ընդդիմադիր կուսակցությունները, ասենք թվով 20 կամ 25, ոչ թե առանձին մասնակցեն, այլ ընդդիմադիր դաշտը հանդես գա խոշոր միավորներով։
Ռոբերտ Քոչարյանի ասելով՝ սա հնարավորություն է տալիս չփոշիացնել ձայները ու լուրջ ծրագրերով մտնել ընտրապայքարի մեջ ու հանդես գալ մեկ միավորի դեմ, որը զավթել է իշխանությունը, ու ոչ ոք չի հասկանում մեզ ուր է տանում։ «Իրանք էլ չգիտեն, թե ուր են տանում»-,ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Նա նորից կրկնեց, որ ընտրություններում լինելու են մի քանի ընդդիմադիր խոշոր միավորներ և իշխանական միավորը։
«Եթե ընդդիմադիր դաշտը համախմբված աշխատի, իրար դեմ չաշխատեն, բոլորը թիրախավորեն նրան, ովքեր արհավիրք են բերել Հայաստանի Հանրապետության գլխին, ապա վստահությունն իմ մոտ շատ մեծ է, որ հաջողություն կունենանք»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։ Ըստ նրա, իշխանությունը նախանձելի վիճակում չէ, այս փուլում յուրաքանչյուր ուժ ներկայացնելու է իր նախընտրական ծրագիրը, երբ նրանք խոսեն, շատերը կասեն` իշխանության էիք, անեիք, և եթե մարդիկ վերցնեն նրանց 2021 թվականի նախընտրական ծրագիրը, կտեսնեն, որ 80 տոկոսով հակառակն են արել։
«Եվ հարց է առաջանում. ձեր ասածները գրոշի արժեք ուղղակի չունեն»։ Այս դեպքում, Ռոբերտ Քոչարյանի ասելով, իշխանությունը մի թեզ է առաջ բերելու, եթե մենք չընտրվենք, պատերազմ է լինելու։ ՀՀ երկրորդ նախագահի բնութագրմամբ` սա ամենավտանգավոր, միաժամանակ և ամենաստորացուցիչ թեզն է. սեփական ժողովրդի գլխին տղա է բերում` Ալիևին։
Ռոբերտ Քոչարյանն ասաց` իրենք վաղուց էին կանխատեսում, որ իշխանությունը կառչելու է այս թեզից, վախ է սերմանելու պատերազմով` ձայներ կորզելու համար, բայց միաժամանակ հույս հայտնեց, որ ժողովուրդը թույլ չի տա իրեն խաբեն հարյուրերորդ անգամ։
Մանրամասները` տեսանյութում
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: