ՆԱՏՕ-ն իր զորքերը Իրաքից տեղափոխում է Եվրոպա՝ Իրանի պատերազմի ֆոնին

Քաղաքականություն

21.03.2026 | 10:41

NATO-ն մարտի 20-ին հայտարարել է, որ դուրս է բերել իր բոլոր զորքերը Իրաքում գործող խորհրդատվական առաքելությունից՝ քանի որ «Իրանի պատերազմի հետևանքները տարածվում են Մերձավոր Արևելքում»․ գրում է Reuters-ը։

«Կցանկանայի շնորհակալություն հայտնել Իրաքի Հանրապետությանը և բոլոր դաշնակիցներին, որոնք աջակցել են ՆԱՏՕ-ի անձնակազմի անվտանգ տեղափոխմանը Իրաքից», – ասել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը՝ հանդես գալով հայտարարությամբ։

Հայտարարության համաձայն՝ առաքելությունը «տեղափոխել է իր ամբողջ անձնակազմը» Մերձավոր Արևելքից Եվրոպա, մինչդեռ ՆԱՏՕ-ի անանուն պաշտոնյան նշել է, որ խոսքը «մի քանի հարյուր» զինծառայողի մասին է։

Վերջին օրերին մի շարք երկրներ, այդ թվում՝ Լեհաստանը, Իսպանիան և Խորվաթիան, հայտարարել են, որ դուրս են բերել զորքերը Մերձավոր Արևելքից՝  պատճառաբանելով Իրանում և Պարսից ծոցի տարածաշրջանում ընթացող հակամարտությունը։

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ իր առաքելությունը կշարունակվի Իտալիայի Նեապոլ քաղաքում գտնվող ռազմական շտաբից։ Առաքելությունը մարտական դեր չունի․ այն կենտրոնացած է Իրաքի անվտանգության ուժերին խորհրդատվություն տրամադրելու և նրանց կարողությունների զարգացման վրա։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a comment