Գևորգ Թոսունյան, #CivilNetCheck
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի՝ տնային կալանքում տեսաուղերձով հանդես գալու հարցը վերջին շրջանում քննարկվում է ինչպես ընդդիմադիր ուժերի, այնպես էլ անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։
Մարտի 5-ին Փաշինյանը, ի պատասխան լրագրողներից մեկի հարցին, ասել էր․
«Իմ պայքարի և հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցներից մեկը իմ սոցիալական ցանցերի էջերն են և ուղիղ եթերները, և պրոբացիայի ծառայության պարզաբանումից հետո հասկացանք, որ ոչ մի բան չի խանգարում, որ ձեր նշած մարդը (Սամվել Կարապետյանը-խմբ.) ուղիղ եթեր մտնի, եթե հեռախոս ձեռք բերելու խնդիր ունի, կարող ենք աջակցել, նույնիսկ ինտերնետը և հեռախոսի չիպը ապահովել»,- ասել էր Փաշինյանը:
Դրանից առաջ էլ՝ փետրվարի 21-ին, Քաղաքացիական պայմանագրին պատկանող Civic.am-ի հարցմանն ի պատասխան՝ Պրոբացիոն ծառայությունը նշել էր, թե Սամվել Կարապետյանին չի արգելվում հրապարակային տեսաուղերձներ հղել և հաղորդագրություններ տարածել:
Մինչդեռ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչները այս ընթացքում պնդել են, թե Պրոբացիայի ծառայությունից որևէ դիրքորոշում չեն ստացել Կարապետյանի՝ տեսաուղերձներ հրապարակելու իրավունքի մասով:
Մարտի 19-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում կրկին հայտարարել է, որ պրոբացիայի ծառայությունը պաշտոնապես հրապարակել է՝ Սամվել Կարապետյանը կարող է ուղիղ եթեր մտնել։
Մարտի 20-ին Սամվել Կարապետյանի փաստաբաններից Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալու թույլտվության համար դիմել են հունվարին, փետրվարին ու մարտին։ Նրա նշել է, որ այս ընթացքում տարածվել են «ստեր», որովհետև, նրա պնդմամբ, Պրոբացիայի ծառայությունը չէր կարող թույլտվություն տալ ու չէր էլ տվել. դա պետք է աներ ՀՀ քննչական կոմիտեն»։
Քննչական կոմիտեից ՍիվիլՆեթին մարտի 20-ին գրավոր հայտնեցին, որ Արամ Վարդևանյանից նախկինում ստացել են երկու դիմումում, որոնց ի պատասխան նշել են, որ դատարանի որոշումը նախաքննական մարմինը չի կարող պարզաբանել, քանի որ դա դուրս է իր լիազորությունների շրջանակից։
«Այնուհետև, Սամվել Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված տնային կալանքի ժամկետը երկարաձգելու մասին ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 14.03.2026 թ. որոշմամբ սահմանվել է, որ մեղադրյալ Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալու թույլտվության և դրա ձևաչափի հարցի լուծումը նախաքննության փուլում գտնվում է վարույթի հանրային մասնակցի՝ տվյալ դեպքում նախաքննական մարմնի տիրույթում»,- հայտնում են ՔԿ-ից։
Ըստ կոմիտեի՝ արդեն իսկ դատարանի կողմից կայացված որոշումից հետո՝ մարտի 18-ին, ստացվել է պաշտպանի միջնորդությունը՝ Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձով հանդես գալու թույլտվություն ստանալու վերաբերյալ։
«Հիմք ընդունելով ՀՀ հակակոռուպցիոն դատարանի 14.03.2026 թ. որոշմամբ արձանագրված հանգամանքները՝ նախաքննական մարմնի կողմից քննարկվել է պաշտպանի ներկայացրած միջնորդությունը, որը բավարարվել է՝ թույլատրելով մեղադրյալ Սամվել Սարգսի Կարապետյանին «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական գործունեության, ծրագրերի և մոտեցումների ներկայացման համատեքստում Facebook սոցիալական ցանցում հանդես գալ տեսաուղերձով»,- ասված է գրավոր պատասխանում։
Փաստացի, Սամվել Կարապետյանի՝ տեսաուղերձով հանդես գալու հարցը մինչև մարտի 14-ի դատարանի որոշումը հստակ կարգավորված չի եղել։ Հակակոռուպցիոն դատարանը սահմանել է, որ դրա թույլտվության և ձևաչափի հարցի լուծումը գտնվում է նախաքննական մարմնի՝ ՔԿ-ի տիրույթում։ Դրանից հետո միայն ՔԿ-ն հայտնել է, որ բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և թույլատրել տեսաուղերձը։
Այս համատեքստում ՍիվիլՆեթը հարցում է ուղարկել Պրոբացիոն ծառայություն՝ պարզելու, թե ինչ հիմքով էր ծառայությունը նշել, որ Սամվել Կարապետյանին չի արգելվում հրապարակային տեսաուղերձներով հանդես գալ։
The post Ո՞վ կարող էր թույլ տալ Կարապետյանի տեսաուղերձը. Փաշինյանի հայտարարության հետքերով appeared first on CIVILNET.