Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանը երբեք այսպես չի ընկալվել, ինչպես այսօր․ Սուքիասյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը փորձեց ճշտել ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանից, թե ռազմավարական գործընկերության պայմանագրեր կնքելուց հետո ինչ բոնուսներ է երկիրը ունենում և ինչ կարգի օպերատիվ կապի մեջ է լինում այդ երկրի տարբեր ինստիտուտների կամ պետական մարմինների հետ։

Նա նաև անդրադարձավ ներկայումս միջազգային հարթակներում ՀՀ-ի ընկալման փոփոխություններին՝ փորձելով հասկանալ, թե այս համատեքստում ինչպես են աշխատում դեսպանատները։

«Բացարձակ շատ լավ դիվանագիտական հարաբերություններ ստեղծվեցին այս վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում, այլ ձևով են ընկալում ՀՀ-ն, վերջին 30 տարում այն ձևով, որ այսօր ընկալվում է ՀՀ-ն, ոչ մի անգամ այդպես չի ընկալվել, այդքան բարեկամ ընկերներ չենք ունեցել, այդքան քաղաքական, դիվանագիտական պաշտոնյաներ չենք ունեցել,- շեշտեց պատգամավորը՝ հավելելով,- օրինակ՝ երբ արտակարգ իրավիճակ եղավ ԱՄԷ-ում, Կատարում, մյուս տեղերում, ֆանտաստիկ ձևով լավ աշխատեց մեր ԱԳՆ-ն, բայց երբ այդ արտակարգ իրավիճակը չկա, օրինակ՝ կամուրջ հանդիսացե՞լ են մեր դեսպանատները ՀՀ-Ուզբեկստան, ՀՀ-Տաջիկստան. դեսպանատունն ինչով է զբաղվում բացի դիվանագիտականից»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ դեսպանատան վրա պետք է առաջադրանք դրվի, որ այսքան տնտեսական կապ ստեղծել, այսքան օգուտ տալ, որպեսզի ՀՀ-ի և այդ երկրների կամ դրանցից բացի այլ երկրների հետ փոխհարաբերություններ ստեղծվեն։

Սուքիասյանը շեշտեց, որ մեր բոլոր ինստիտուտները, բոլոր հարթակները, որոնք բյուջեից են սնվում, պետք է ՀՀ-ին տասնյակ անգամներ ավելի շատ եկամուտներ բերեն:

Leave a comment