Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանը երբեք այսպես չի ընկալվել, ինչպես այսօր․ երբեք այսքան բարեկամներ չի ունեցել․ Սուքիասյան (տեսանյութ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը  փորձեց ճշտել ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանից, թե  ռազմավարական գործընկերության պայմանագրեր կնքելուց հետո ինչ բոնուսներ է երկիրը ունենում և ինչ կարգի օպերատիվ  կապի մեջ է լինում այդ երկրի  տարբեր ինստիտուտների կամ  պետական մարմինների հետ։

Նա նաև անդրադարձավ ներկայումս միջազգային հարթակներում ՀՀ-ի ընկալման փոփոխություններին՝ փորձելով հասկանալ, թե այս համատեքստում ինչպես են աշխատում դեսպանատները։

«Բացարձակ շատ լավ դիվանագիտական հարաբերություններ ստեղծվեցին այս վերջին տարիներին աշխարհի տարբեր երկրներում, այլ ձևով են ընկալում ՀՀ-ն, վերջին 30 տարում այն ձևով, որ այսօր ընկալվում է  ՀՀ-ն, ոչ մի անգամ այդպես չի ընկալվել,  այդքան բարեկամ ընկերներ չենք ունեցել, այդքան քաղաքական, դիվանագիտական պաշտոնյաներ չենք ունեցել,- շեշտեց պատգամավորը՝ հավելելով,- օրինակ՝ երբ արտակարգ իրավիճակ եղավ ԱՄԷ-ում, Կատարում, մյուս տեղերում,  ֆանտաստիկ ձևով լավ աշխատեց մեր  ԱԳՆ-ն, բայց երբ այդ արտակարգ իրավիճակը  չկա, օրինակ՝ կամուրջ հանդիսացե՞լ են մեր դեսպանատները ՀՀ-Ուզբեկստան, ՀՀ-Տաջիկստան.  դեսպանատունն ինչով է  զբաղվում բացի դիվանագիտականից»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ դեսպանատան վրա պետք է  առաջադրանք դրվի, որ այսքան տնտեսական կապ ստեղծել,  այսքան օգուտ տալ, որպեսզի ՀՀ-ի և այդ երկրների կամ դրանցից բացի այլ երկրների հետ փոխհարաբերություններ ստեղծվեն։

Սուքիասյանը շեշտեց, որ մեր բոլոր ինստիտուտները, բոլոր հարթակները, որոնք բյուջեից են սնվում, պետք է ՀՀ-ին տասնյակ անգամներ ավելի շատ  եկամուտներ բերեն: 

Leave a comment