Իրականացվել են ստուգողական աշխատանքներ, փաստական տվյալներ են ձեռք բերվել. Սարգսյանը՝ Արտաքին հետախուզության ծառայության տեղեկության մասին

Իրականացվել են ստուգողական աշխատանքներ, փաստական տվյալներ են ձեռք բերվել. Սարգսյանը՝ Արտաքին հետախուզության ծառայության տեղեկության մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Երբ Արտաքին հետախուզության ծառայությունը հանդես եկավ հայտարարությամբ, բնականաբար, ՆԳՆ ոստիկանությունը իրականացրել է ստուգողական որոշակի աշխատանքներ և որոշակի փաստական տվյալներ է ձեռք բերել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե օրերս ՆԳՆ-ն դիմել էր ՔԿ-ին Արտաքին հետախուզության ծառայության ներկայացրած տվյալների մասով, ըստ որի՝ օտար պետություններում հայերին ճնշում են՝ ընտրություններին մասնակցություն ունենալու հետ կապված:

Ճեպազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվեց՝ միայն Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությո՞ւնն է հայտնի, թե՞ ՆԳՆ-ն այլ տեղեկություններ էլ ունի:

«Եթե կարդաք ՔԿ հաղորդագրությունը կոնկրետ այս դեպքով՝ մեր ներկայացրած հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով, կտեսնեք, որ այնտեղ մի փոքր ավելի ճշգրտումներ կան ներկայացված թե՛ ՀՀ քաղաքական դաշտում գործունեություն ծավալող կուսակցությունների, թե՛ կուսակցության ներկայացուցիչների, թե՛ այլ դերակատարների օժանդակությամբ պրոցեսը կազմակերպելու մասով»,- պարզաբանեց նախարարը:

Հարցին՝ ո՞ր երկրի մասին է խոսքը, նախարարը նշեց. «Այս պահի դրությամբ այլ տվյալ հայտնել չեմ կարող: Խնդրում եմ հետևել ՔԿ հաղորդագրություններին, որպեսզի պատկերն ավելի պարզ լինի: Ցանկացած տեղից եկող ազդակ, բնականաբար, մեր ուշադրության կենտրոնում է լինելու՝ անկախ երկրից: Մնացյալ ամբողջը, քանի որ նախաքննություն է իրականացվում, ՔԿ-ն պատեհ պահի հանդես կգա հայտարարությամբ»:

Leave a comment