Հայաստանի կառավարության հետ համատեղ արվող աշխատանքը միջամտություն չէ. Կոս

Եվրամիությունը նախատեսում է ընդլայնել Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների, մասնավորապես՝ ընտրական ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված աջակցությունը՝ հաշվի առնելով կիբեռանվտանգության և ապատեղեկատվության ոլորտում առկա ժամանակակից մարտահրավերները։ Այս մասին մարտի 20-ին Գյումրիում ՍիվիլՆեթի լրագրողի հարցին ի պատասխան՝ հայտարարեց ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։

Անդրադառնալով անվտանգային սպառնալիքների և օտարերկրյա տեղեկատվական միջամտությունների համատեքստում Հայաստանի ու Մոլդովայի համեմատությանը, իսկ այդ երկու երկրների միջև պարբերաբար զուգահեռներ են տանում շատ փորձագետներ և քաղաքական գործիչներ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ընդգծեց, որ պետությունների ուղիղ նույնականացումը տեղին չէ, սակայն նրանց միավորում է ժողովրդավարության պաշտպանության հրամայականը։

«Եվրամիությունն օգնել է Մոլդովային՝ ամրապնդելու իրենց ժողովրդավարական ինստիտուտները և ընտրությունների ենթակառուցվածքը, և նույնը մենք անում ենք այստեղ՝ Հայաստանում: Ուստի սա միջամտություն չէ, այն, ինչ մենք անում ենք, անում ենք կառավարության հետ համատեղ»,- նշեց Մարթա Կոսը` պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին:

ԵՄ հանձնակատարը հատուկ ուշադրություն հրավիրեց ընտրական գործընթացների խոցելիությանը՝ մատնանշելով հնարավոր կիբեռհարձակումների վտանգը, որոնք կարող են խափանել քվեարկության բնականոն ընթացքը՝ հոսանքազրկումների կամ համակարգչային խափանումների միջոցով։ Նա որպես նախազգուշացնող օրինակ հիշատակեց Մոլդովայի փորձը, որտեղ Ռուսաստանը, իր ձևակերպմամբ, հսկայական ֆինանսական միջոցներ է ներդրել ընտրակաշառքի և այլ միջոցներով ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար։

Նշելով, որ ժողովրդավարությունները հարձակման տակ են, Մարթա Կոսը բերեց կոնկրետ օրինակներ, թե ինչ եղանակով են իրականացվում դրանք. «Օրինակ, կարո՞ղ եք նորմալ ընտրություններ ունենալ, եթե ընտրությունների օրը հոսանք չլինի, և համակարգիչները չաշխատեն: Սա այն է, ինչ մենք նկատի ունենք կիբեռհարձակումների մասին խոսելիս։ Պատկերացնո՞ւմ եք, որ գաք ընտրությունների, և ձեր ձայնը հաշվի չառնվի, կամ որոշ ձայներ գնվեն։ Այն, ինչ մենք տեսանք նաև Մոլդովայում…», – նշեց ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան` հավելելով, որ այդ սպառնալիքներին հակազդման վերաբերյալ Եվրամիությունում կուտակված փորձն ու գիտելիքն այժմ կիսում են Հայաստանի հետ: Նպատակը, նրա խոսքով, Հայաստանում ինքնուրույն և լիարժեք ազատ ու արդար ընտրություններ անցկացնել է, «որտեղ յուրաքանչյուր ձայն հաշվի կառնվի»:

Պատասխանելով այն դիտարկմանը, որ Հայաստանի նկատմամբ ապատեղեկատվական և հիբրիդային սպառնալիքները գալիս են նաև Ադրբեջանից ու Թուրքիայից, հանձնակատարը բարձր գնահատեց հայաստանյան քաղաքացիական հասարակության դերը կեղծ լուրերի վերլուծության և զտման գործում։ Նա փաստեց, որ թվային դարաշրջանում ապատեղեկատվությունն ունի ճշմարտությունից շատ ավելի արագ տարածվելու հատկություն, և տեղական ՀԿ-ների գործունեությունն այս ճակատում կենսական նշանակություն ունի հանրությանը ստույգ տեղեկատվությամբ ապահովելու համար։

Հասմիկ Հովհաննիսյան, Գյումրի

The post Հայաստանի կառավարության հետ համատեղ արվող աշխատանքը միջամտություն չէ. Կոս appeared first on CIVILNET.

Leave a comment