Արմեն Մկրտչյան #CivilNetCheck
Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում մարտի 18-ին տարածվեց տեղեկություն, թե Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մահացել է կամ մահամերձ է։
Հրապարակմանը կցված էր նաև լուսանկար՝ «Հրատապ լուրեր, Յարիվ Լևինը նշանակվել է Իսրայելի վարչապետի պաշտոնակատար՝ փոխարինելով Նեթանյահուին» գրությամբ։
Յարիվ Լևինը զբաղեցնում է Իսրայելի փոխվարչապետի և արդարադատության նախարարի պաշտոնը։
Լևինի՝ Իսրայելի վարչապետ նշանակվելու տեղեկությունը սոցիալական ցանցերում այլ լեզուներով տարածվել էր դեռ մարտի 16-ին։ Տարածվել էին նաև Նեթանյահուի արհեստական բանականությամբ ստեղծված պատկերներ, որտեղ նա ներկայացվում էր իբրև վիրավորված։
Պաշտոնական էջերը հերքում են տարածվող լուրերը
Իսրայելի պետական մարմինները, մինչդեռ, Լևինի՝ վարչապետի պաշտոնակատար նշանակվելու մասին որևէ հայտարարություն չեն արել։
Ո՛չ Յարիվ Լևինի, ո՛չ Բենյամին Նեթանյահուի պաշտոնական էջերում մահվան, վիրավորման կամ նոր վարչապետի պաշտոնակատար նշանակվելու մասին որևէ տեղեկություն չկա։
Օրինակ X-ում Նեթանհայուի միկրոբլոգում առկա են տեսանյութեր և հրապարակումներ՝ վերջին օրերին նրա մասնակցությամբ հանդիպումների մասին և հայտարարությունների պաշտոնական արձանագրությունները:
Ավելին, մարտի 19-ին Նեթանհայուն մամուլի ասուլիս է տվել, որին մասնակցել են նաև միջազգային մամուլի ներկայացուցիչներ։ Օրինակ, France 24-ի լրագրողը Երուսաղեմից պատմում է ասուլիսից իր տպավորությունների մասին։ Այլ լրատվամիջոցներ էլ հրապարակել են ասուլիսից Նեթանյահուի նկարները։
Prime Minister Benjamin Netanyahu, this evening, to the Foreign Press:
“First of all, I just want to say I'm alive, and you're all witnesses.
Now that I dispatched this piece of fake news, I want to give you an update on Operation Roaring Lion. pic.twitter.com/VJnWRkXQul— Prime Minister of Israel (@IsraeliPM) March 19, 2026
Նեթանյահուն իր ելույթում էլ անդրադարձել է իր մահվան վերաբերյալ լուրերին. «Նախևառաջ ուզում եմ ասել, որ ես ողջ եմ, և դուք բոլորդ դրա վկաներն եք։ Այժմ, երբ ես հերքեցի այս կեղծ տեղեկատվությունը, ուզում եմ ձեզ պատմել «Մռնչացող առյուծ» գործողության ընթացքի մասին»։
Իսրայելի վարչապետի մահվան մասին ավելի վաղ լուրեր
Նեթանյահուի մահվան վերաբերյալ լուրեր տարածվել էին ավելի վաղ ևս։ Ի պատասխան տարածել էր տեսանյութ սրճարանից՝ «Ասում են՝ ի՞նչ է եղել ինձ հետ։ Դիտեք» վերնագրով:
אומרים שאני מה? צפו >> pic.twitter.com/ijHPkM3ZHZ
— Benjamin Netanyahu – בנימין נתניהו (@netanyahu) March 15, 2026
ԱՄՆ-Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին համացանցում և լրատվամիջոցներում տարածվում են բազմաթիվ կեղծ կամ մոլորեցնող տեղեկություններ։ #CivilNetCheck-ը մի շարք հրապարակումներով արդեն անդրադաձել է այդ կեղծիքներին։
The post «Ես ողջ եմ». Նեթանյահուն հերքել է իր մահվան մասին լուրերը appeared first on CIVILNET.