Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հրավեր է ստացել և մտադիր է ներկա գտնվել Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորությանը։ Այս մասին հայտնել են Մայր Աթոռից։
«Վեհափառ Հայրապետը մտադիր է այցելել Վրաստան, ներկա գտնվել հուղարկավորության արարողությանը, իր հարգանքի տուրքը մատուցել ի Տեր հանգուցյալ երանաշնորհ Պատրիարքին և իր վշտակցությունը բերել Վրաց Ուղղափառ Եկեղեցուն ու բարեկամ վրաց ժողովրդին։ Ինչ վերաբերում է ելքի արգելքին, ապա Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ»,- հայտնել են Մայր Աթոռից։
Գարեգին Երկրորդի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ նրա պաշտպանը միջնորդություն է ներկայացրել։ Քննչական կոմիտեյից հայտնել են, որ ստացել են միջնորդությունը և օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի այն։
Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանի Հանրապետությունը Համայն Վրաց Կաթողիկոս–Պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով։ Լրագրողի հարցին, թե Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և՞ս ներկա կլինի հուղարկավորությանը, Փաշինյանն արձագանքել էր, որ ինքը «Կտրիճ Ներսիսյանին չի ճանաչում որպես Հայոց կաթողիկոս»։
Համայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը մահացել է մարտի 17-ին 93 տարեկանում։
The post Գարեգին Երկրորդը մտադիր է մասնակցել Իլյա Երկրորդի հուղարկավորությանը․ Մայր Աթոռ appeared first on CIVILNET.