«Գերթանկարժեք հեծանիվը ո՞րն է, գերթանկարժեք «Ռոլս Ռոյսի» փոքր տեսակն է՞»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում, հարցին հեգնանքով արձագանքեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
Հարցը վերաբերում էր մամուլի հրապարակումներին, որ ինքը 10 հազար դոլարանոց հեծանիվ է վարում։
«Իմ հեծանիվի գումարը իմ հայտարարագրում գրված է, ես դրան արդեն անդրադարձել եմ։ Ես շատ ուրախ եմ, որ մամուլը այլևս չի կարող մեզ մեղադրել, օրինակ, անհայտ փողերով 200 000 դոլարանոց մեքենա առնելու մեջ և մեղադրում է մեր սեփական աշխատած փողերով հեծանիվ առնելու մեջ։
Իմ հայտարարագրի մեջ գումարը գրված է, 10 000 չէ, 7000 եվրո է։ Իմ նախասիրությունն է, դա եմ առել․ 7000 եվրոյի ավտո չեմ առել, դա եմ առել։ Հիմա որ ասեի՝ 20 000 եվրոյանոց ավտո եմ առել՝ ճոխությո՞ւն է, թե ճոխություն չի։ Կամ՝ 1000 դոլարանոց ժամացույցը ճոխությո՞ւն է, թե ճոխություն չի։ Իմ օրինական եկամուտներով գնված գույք է, ի՞նչ կապ ունի՝ ճոխություն է, թե ճոխություն չի»,- ասաց նա։
Այսօր խորհրդարան Արսեն Թորոսյանն այդ հեծանվով չէր եկել․ «Դեռ ցուրտ է»։
Նա հայտարարեց, որ մինչև պաշտոնյա դառնալը շատ ավելի բարձր աշխատավարձ է ստացել։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: