«Խաղաղությունը, կարծես, հողի վրա իրականություն է, անկախությունից ի վեր առաջին անգամ սահմաններին պատահարներ չկան»․ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսկին մարտի 19-ին ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության նիստի բացմանը խոսեց Նիկոլ Փաշինյանի «ոգեշնչող ելույթի», Խաղաղության խաչմերուկ «հավակնոտ» ծրագրի, վիզաների ազատականացման գործընթացի և ԵՄ-Հայաստան հարաբերություններին առնչվող այլ թեմաների մասին։
«Մենք գիտենք, թե աշխարհաքաղաքական ինչ դժվար տարածաշրջանում է Հայաստանը, և այս համատեքստում շնորհակալ ենք Իրանից ԵՄ երկրների քաղաքացիներին տարհանելու հարցում օգնելու համար, և գնահատում ենք Ուկրաինայի հարցում Հայաստանի հստակ դիրքորոշումը»,- ասաց Ուշակովսկին։
Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշեց, որ Հայաստանը 1-2 տարվա ընթացքում վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը կավարտի։
Ըստ Եղոյանի՝ Հայաստանը ոչ միայն օգնություն է խնդրում ԵՄ-ից, այլ ցանկանում է օգնել։
Եմ արտաքին գործերի ծառայությունից Դերեն Դերյան անդրադարձավ ընտրություններին Հայաստան ուղարկվող հիբրիդային արագ արձագանքման թիմին և նշեց, որ իրենց համար կարևոր է հստակեցնել թիմի առաքելությունը՝ «ընտրություններին ընդառաջ կեղծ լուրերի և ապատեղեկատվության դեմ պայքարելու համար կարողությունների ստեղծում, այլ ոչ թե, ինչպես կեղծ լուրերն են պնդում, ընտրությունները միջամտելու ԵՄ փորձ»։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն այս ելույթներին անդրադարձավ քննադատությամբ՝ նշելով Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական զորքերի ներկայության, արցախցիների վերադարձի, Նիկոլ Փաշինյանի և եկեղեցու միջև հարաբերություններին։ Նա իր հետ բերել էր Տրանս-Կասպյան միջազգային երթուղու քարտեզը [խմբ․՝ Հարավարևելյան Ասիայից և Չինաստանից դեպի Եվրոպա առևտրային երթուղի], որպեսզի ցույց տա՝ ինչպես է այն շրջանցում Հայաստանը։
«Եվրոպական խորհրդարանում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն Ալմա Աթայի հռչակագիրն անվանեց Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայական։ Նա վիրավորեց 1990-ի անկախության հռչակագիրը և 1991-ի անկախության հանրաքվեի արդյունքները։ Ռուսաստանի ստեղծած հռչակագրին միանալը պետության ծննդյան վկայակա՞ն է»,- ասաց Խաչատրյանը։
Օկուպացված տարածքներին, Ադրբեջանում հայ գերիներին անդրադարձավ նաև ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ ՍԵՊԱ-ն (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) Հանրապետական կուսակցության օրոք է ստորագրվել։
«Մենք նույնպես խաղաղության կողմնակից ենք, իհարկե, բայց՝ երաշխավորված անվտանգության համար»,- նշեց Մամիջանյանը։
Ռումինացի պատգամավոր Կրիստիան Տերհեշը գործընկերներին կոչ արեց չթողնել «այս երկու փոքրիկ պետություններին կռվել և մրցել իրար դեմ», իսկ պատգամավոր Սանչես Ամորն ասաց, որ չնայած Հայաստանի իշխանությունը որոշել է գերիների հարցում լուռ աշխատել, բայց պետք է նշել, որ նրանց դատական գործերը ռազմական դատարանում են, ինչը կասկածի տեղիք է տալիս։
Եղոյանն անդրադարձավ նաև վարչապետի ելույթում Վրաստանի մասին հիշատակմանը։
«Պատկերացրեք՝ Լիտվան միանում է ԵՄ-ին՝ առանց Լատվիայի և Էստոնիայի։ Կարող է լինել, բայց արդյունավետ չէ»,- ասաց Եղոյանը։ Նա նաև շեշտեց իրենց դիրքորոշումը, որ «Հայաստանն ունի սեփական օրակարգ, և եթե որևէ մեկն ուզում է պատերազմ, մենք չենք լինելու ուրիշի արտացոլանքը»։
Լուսինե Վարդանյան, Բրյուսել
The post «Հայաստանը ոչ միայն օգնություն է խնդրում ԵՄ-ից, այլ ցանկանում է օգնել» appeared first on CIVILNET.