«Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է»․ Փաշինյանը խուսափեց ասել՝ Ադրբեջանի Սահմանադրությունը կոնֆլիկտածի՞ն չէ

Այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը խուսափեց ուղիղ պատասխանել հարցին՝ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ ունի Հայաստանի նկատմամբ, ինքը այն համարո՞ւմ է կոնֆլիկտածին եւ Բաքվի հետ շփումներում պահանջ ներկայացնո՞ւմ է, որ հրաժարվեն իրենց կոնֆլիկտածին Սահմանադրությունից։

«Ես 4-5 հոդված եմ գրել այդ թեմայով, դուք ընդամենը ինձ եք մեջբերել, ես այդ հոդվածներում իմ գնահատականը տվել եմ»,-ի պատասխան ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղումը հանելու իր նախաձեռնությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Անկախության հռչակագրի խնդիրը եւ մեր Սահմանադրության խնդիրը մեր ներքին խնդիրն է, որովհետեւ դա անհրաժեշտ է մեզ, ոչ թե ուրիշներին՝ մեզ աշխարհում ճիշտ դիրքավորելու համար։ Էլի ուզում եմ ընդգծել, որ Անկախության հռչակագիրը ոչ թե Անկախության հռչակագիր է, դա կոնֆլիկտի հռչակագիր է եւ արդյունքում՝ կախվածության հռչակագիր է։

Պատկերացրեք՝ դուք տեղափոխվել եք մի բնակարան եւ ապրում եք մի ընդհանուր հարթակում եւ սպառնում եք ձեր եւ դիմացի, եւ կողքի, եւ հետեւի հարեւաններին՝ այդպիսով հռչակելով նաեւ անկախություն։ Դա ի՞նչ է նշանակում՝ ո՞նց եք այդ սպառնալիքների պայմաններում ապրելու էդ միջավայրում՝ միայն ու միայն արտաքին օգնություն ակնկալելով։ Իսկ արտաքին օգնություն ակնկալելը ձեզ շարունականաբար մեծացող ու ահագնացող կախվածության մեջ է գցելու նրանցից, ումից այդ օգնությունն ակնկալում եք։ Եվ, հետեւաբար, Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի եւ կախվածության հռչակագիր է, եւ ես առաջիկայում գուցե նաեւ տեքստի վերլուծությամբ ցույց կտամ այդ ամենը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Փաշինյանը նշեց, որ Հայաստանի Սահմանադրության հարցը արտաքին որեւէ ուժի հետ չեն քննարկել ու չեն քննարկում, դա քննարկում են միայն Հայաստանի ժողովրդի հետ։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment