Ես դա չեմ համարում ներքին խոսույթ, դա համարում եմ վտանգավոր գործընթաց և համարում եմ, որ այդ գործընթացը մենք պետք է կառավարենք և պետք է դրա բոլոր պարամետրերը հասկանանք։ Այսինքն՝ ես ինչի՞ մասին եմ խոսում․ արդեն 2 տարի է՝ ՀՀ-ում ասում եմ, որ կառավարելու ենք՝ առաջին հերթին գործընթացի պատճառահետևանքային կապերը հասկանալով և պետականակենտրոն տրամաբանություն որդեգրելով։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե մենք այսօր ասում ենք՝ Արարատը մերն է, Դադիվանքը մերն է, Արցախը մերն է, ի՞նչը պիտի իրենց սահմանափակի հայելային ձևով նույնը ասել։ Բայց կա նաև հակառակը․ եթե իրենք ասում են «Արևմտյան Ադրբեջան» և այլն, ի՞նչը այստեղ պետք է շատ ուժերի սահմանափակի ասել հակառակը։ Եվ երբ ես ասում եմ, որ մենք՝ և Ադրբեջանը, և Հայաստանը, պետք է ռազմավարական գործարքի տրամաբանության մեջ գնանք, սա նշանակում է, որ մենք զուգահեռաբար այս խնդիրը պետք է լուծենք, և դրա առաջին, ամենակարևոր քայլը արված է՝ խաղաղության համաձայնագիրը նախաստորագրված է»,- ասաց նա։