Ըստ Փաշինյանի՝ խաղաղության վերանայումն աշնանը նոր պատերազմի կբերի

«Մաքսիմալ աշնանը» Հայաստանում հնարավոր է նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով, եթե հաղթեն այն ուժերը, որոնք հանդես են գալիս խաղաղության վերանայման դիրքերից։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին կառավարությունում ճեպազրույցի ժամանակ։ 

«Այդ բոլոր ուժերը, ըստ էության, հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչն այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ՛, ընդ որում՝ ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը: Ես վերլուծում եմ, չէ՞, այդ տեքստերը՝ ինչ են ասում այդ բոլոր ուժերը (եթե անհրաժեշտ է՝ անուններն էլ կտամ հստակ): Մի մասը, ենթադրում եմ, չի էլ հասկանում՝ ինչ է ասում, բայց իրենք պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»,- ասաց Փաշինյանը:

Ըստ նրա վերլուծության՝ որոշ քաղաքական շրջանակներ, որոնց տեքստերը գրվում են «ուրիշ տեղերում», պատրաստում են պատերազմ, որը կհանգեցնի ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստի։

Վարչապետը նշեց, որ ակնկալում է ընտրությունների արդյունքում ստանալ սահմանադրական մեծամասնություն՝ տարածաշրջանային խաղաղության գործընթացն անշրջելի դարձնելու համար։ Նա շեշտեց, որ խաղաղության պայմանների վերանայման մասին խոսող ուժերը հաճախ չեն էլ հասկանում իրենց հայտարարությունների հետևանքները, ինչն անխուսափելիորեն տանում է դեպի նոր բախումների։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Հայաստանի դեմ կիրառվող հիբրիդային պատերազմին։ Նա պարզաբանել է, որ վճարովի գործիքների և արհեստական բանականության միջոցով իր ու իր ընտանիքի հասցեին կեղծ լուրեր են տարածվում արտերկրում ունեցած գույքի, բիզնեսների և միլիոնավոր դոլարների մասին։ 

«Հիբրիդային պատերազմն այն է, երբ որ գրվում է, և վճարովի գործիքներով՝ ներառյալ արհեստական բանականության կիրառմամբ, գրվում է, որ ես Դուբայում տուն ունեմ, Ֆրանսիայում տուն ունեմ, չգիտեմ՝ Լոս Անջելեսում տուն ունեմ, որ իմ ընտանիքի անդամները տարբեր երկրներում բնակարաններ ունեն, բիզնեսներ ունեն, Հայաստանում բիզնեսներ ունեն, բնակարաններ ունեն, միլիոններ ունեն շվեյցարական բանկերում, որ մենք օրգաններ ենք վաճառում, որ մենք անչափահասների, չգիտեմ, տարբեր սեռական շահագործման գործիքներ ենք կիրառում: Այդ ամեն ինչը հիբրիդային պատերազմ է, այսինքն՝ դա այլ անուն չունի»,- ասաց վարչապետը։

Վարչապետը հավելեց, որ այս ապատեղեկատվության դեմ պայքարում կառավարությունը համագործակցում է միջազգային գործընկերների հետ և պատրաստվում է առաջիկայում առանձին եթերով ավելի մանրամասն ներկայացնել այս թեմաները։

The post Ըստ Փաշինյանի՝ խաղաղության վերանայումն աշնանը նոր պատերազմի կբերի appeared first on CIVILNET.

Leave a comment