Քաղաքականություն
19.03.2026 | 12:03
Թրամփի վարչակազմը քննարկում է Պարսից ծոցի տարածաշրջան հազարավոր զինվորներ ուղարկելու հարցը՝ նախագահին հետագա գործողությունների լրացուցիչ տարբերակներ տրամադրելու համար։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով չորս անանուն աղբյուրների, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Տարբերակներից մեկը, ըստ Reuters-ի, ներառում է Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության հաստատումը: Ակնկալվում է, որ դրան հնարավոր կլինի հասնել հիմնականում ռազմածովային և օդային ուժերի միջոցով, սակայն նեղուցի ափամերձ գիծը գրավելու համար անհրաժեշտ կլինեն զորքեր։
Երկրորդ տարբերակը Պարսից ծոցում գտնվող Խարգ կղզու գրավումն է, որն Իրանի նավթի արտադրության մինչև 90%-ի աղբյուրն է։ Այս տարբերակը համարվում է չափազանց ռիսկային, հաշվի առնելով, որ կղզին գտնվում է իրանական հրթիռների և անօդաչու թռչող սարքերի հասանելիության սահմաններում, և Իրանի հետ պատերազմն ամերիկյան հանրության շրջանում ժողովրդականություն չի վայելում, ինչը նշանակում է, որ կորուստները միայն կվատթարացնեն վարչակազմի ներքաղաքական վիճակը։
Բացի այդ, քննարկվում է Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները վերահսկելու համար ցամաքային ուժեր օգտագործելու հնարավորությունը։
Հաջորդ շաբաթ տարածաշրջան են ժամանելու ծովային հետևակի արշավախմբային ուժերը, որոնց ծովային դեսանտի կազմը 2000 զինվորական է։ Reuters-ի աղբյուրները հայտնել են, որ վարչակազմն այժմ քննարկում է լրացուցիչ ուժեր ուղարկելու հարցը։ Պենտագոնը հրաժարվել է մեկնաբանություններից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի