Գոբենակագործություն․ հայկական քիչ հայտնի արվեստը, որը դեռ ուսուցանվում է

Ստելա Ասրյան, Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանող

Երբ Անահիտ Իսունցը  սկսում է գործել , առաջինը լսվում է փայտիկների մեղեդին: Փոքրիկ փայտիկները հերթով խաչվում են, թելերը հյուսվում են իրար, և կամաց-կամաց ծնվում է նուրբ ժանյակ։ Նրա համար գոբենակագործությունը պարզապես ձեռագործ աշխատանք չէ․ այն համբերություն է, ուշադրություն և մի արվեստ, որը եկել է անցյալից ու հիմա փորձում է չկորչել։

Հայկական ձեռագործ արվեստների շարքում գոբենակագործությունը քիչ հայտնի, բայց հետաքրքիր տեխնիկա է։ Հայկական աղբյուրներում նշվում է, որ նմանատիպ ժանյակագործություն տարածված է եղել հատկապես Վանի շրջանում, որտեղ հայ վարպետները ստեղծում էին նուրբ ու մանր աշխատանքներ։ Թանգարանային նմուշների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ աշխատանքներից որոշները ստեղծվել են 20-րդ դարի առաջ։

Screenshot

Անահիտը գոբենակագործությամբ զբաղվում է ավելի քան 30 տարի։

Նա պատմում է, որ այս արվեստին սկսել է տիրապետել դեռ խորհրդային տարիներից, երբ աշխատում էր Գեղագիտական ազգային կենտրոնում՝ Երևանում։

«Այնտեղ սովորեցնում էին հայկական տարբեր ասեղնագործությայն տեսակներ։ Գոբենակագործությունն էլ նոր էր հայտնվել։ Մոսկվայից վարպետ էին բերել, նա սովորեցրեց, հետո մենք սկսեցինք փորձել»,- հիշում է նա։

Խորհրդային Միության փլուզումից հետո Գեղագիտական կենտրոնը փակվեց։ Այդ ժամանակ Անահիտը դեռ լիարժեք չէր տիրապետում արվեստին, բայց որոշեց շարունակել ինքնուրույն։

«Այն ժամանակ ինտերնետ չկար։ Գծագրերով, փորձելով, սխալվելով՝ կամաց-կամաց սովորեցի։ Մեծ գործեր եմ արել, նույնիսկ մետրանոց աշխատանքներ, որոնք հետո վաճառվել են ցուցահանդեսների ժամանակ»,- ասում է նա։

Տարիների ընթացքում գոբենակագործությունը նրա համար դարձել է ոչ միայն աշխատանք, այլ նաև առաքելություն։ Այսօր նա փորձում է այն փոխանցել նոր սերնդին։

Այժմ Անահիտը դասավանդում է Երևանի Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում, որտեղ գործում է գոբենակագործության փոքրիկ անվճար խմբակ։ Խմբակում սովորում է 9-ից 17 տարեկան ինը աշակերտ: 

Դասերի ընթացքում սենյակում կրկին լսվում է փայտիկների ռիթմիկ ձայնը։ Վարպետը ասում է, որ այդ ձայնը շատերին է գրավում։

«Փայտիկների ձայնը մեղեդի է ստեղծում: Երեխաները սիրում են դա։ Կախված փայտիկի կառուցվածքից և փայտի տեսակից՝ ձայնը տարբեր է լինում: Սա նաև մատների խաղ է, ճկունություն է զարգացնում, ուշադրություն և նույնիսկ մաթեմատիկական մտածողություն: Երեխաների համար օգտագործում ենք հատուկ փոքր փայտիկներ»,- ասում է նա։

Խմբակի ամենափոքր սաներից մեկը Ամալին է։ Նա ինը տարեկան է և արդեն երկար ժամանակ հաճախում է դասերի։ Գոբենակագործությամբ զբաղվել սկսել է մայրիկի առաջարկով՝ ձեռքերի ճկունությունը զարգացնելու համար։

Ամալիան նաև նվագում է հայկական ավանդական երաժշտական գործիք՝ սանթուր։ Նրա խոսքով, գոբենակագործությունն օգնում է, որ մատներն ավելի ճկուն լինեն և դա օգնում է նաև երաժշտության մեջ։

Խմբակի 11-ամյա աշակերտուհի Արփին ասում է, որ իրեն գրավել են աշխատանքները, որոնք ստեղծվում են այս տեխնիկայով և նկատում, որ իր հասակակիցներից շատերը դեռ չեն լսել գոբենակագործության մասին։ «Տխրում եմ, որովհետև սա շատ գեղեցիկ արվեստ է։ Կարծում եմ՝ եթե մարդիկ տեսնեն, շատերը կուզեն զբաղվել դրանով», – ասում է նա։

11-ամյա Արփին

Իննամյա Էլիզան երեք տարի առաջ է ընտանիքի հետ վերադարձել Մոսկվայից։ Նրա հայրը տեսել է գոբենակագործության խմբակի մասին տեղեկությունը և առաջարկել է փորձել։

Էլիզան մեծ սիրով սկսել է հաճախել դասերին և ժամանակի ընթացքում ավելի է հմտացել։

Վարպետ Անահիտը նշում է, որ այս արվեստի տարածումը երկար ժամանակ դժվար է եղել։

«Վարպետներ քիչ էին։ Իմ ուսուցիչը Ամերիկա գնաց և այլևս չվերադարձավ։ Այդպես ես շարունակեցի աշխատել ու զարգացնել այն, ինչ սովորել էի»,- պատմում է նա։

Վերջին տարիներին, սակայն, հետաքրքրությունը մի փոքր աճել է։ Սոցիալական ցանցերում հրապարակված աշխատանքների շնորհիվ տարբեր վարպետներ սկսել են հետաքրքրվել և նույնիսկ փորձել սովորել տեխնիկան։

Այնուամենայնիվ, գոբենակագործությունը դեռ հազվադեպ հանդիպող արվեստ է։

Անահիտը կարծում է, որ դրա պատճառներից մեկն այն է, որ մարդիկ հաճախ ցանկանում են արագ արդյունք ստանալ, մինչդեռ այս աշխատանքը պահանջում է մեծ համբերություն և երկար ժամանակ։

Նա նաև նշում է, որ գոբենակագործությունը միայն տեխնիկա չէ, այլև մշակութային հիշողություն։

«Այս արվեստը ցույց է տալիս, թե հայ կանայք որքան նուրբ, ճկուն ու զգայուն են եղել,- ասում է նա։- Գոբենակագործությանը տիրապետելու համար պետք է շատ ճկունություն, համբերություն և գեղեցիկի զգացում, իսկ մեր կանայք այդ ամենին միշտ տիրապետել են»։

Անահիտը համոզված է, որ այս արվեստը փոխանցվել է սերունդներին հենց կանանց շնորհիվ։

«Մեր կանայք այս արվեստը փոխանցել են իրենց երեխաներին, և մենք էլ պետք է փոխանցենք հաջորդ սերունդներին՝ ինչպես գոբենակագործությունը, այնպես էլ մեր մյուս ավանդական արհեստները, որպեսզի չկորցնենք մեր ինքնությունը»,- ասում է նա։

The post Գոբենակագործություն․ հայկական քիչ հայտնի արվեստը, որը դեռ ուսուցանվում է appeared first on CIVILNET.

Leave a comment