Իրանը հաստատել է երկրի հետախուզության նախարարի մահը


Իրանում հազարավոր մարդիկ են մասնակցել Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի, «Բասիջ» ռազմականացված ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանիի և Շրի Լանկայի ափերի մոտ ամերիկյան հարվածների հետևանքով զոհված նավաստիների հրաժեշտի արարողությանը:


 


Իրանը նաև հաստատել է, որ հարվածներից զոհվել է երկրի հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը:


 


Կրեմլը դատապարտել է Իրանի և առհասարակ այլ երկրների ղեկավարների սպանությունը, իսկ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի քաղաքական համակարգն ամուր կառուցվածք ունի, և այս կամ այն գործչի բացակայությունը չի կարող անդրադառնալ համակարգի ընդհանուր գործունեության վրա։


 


Լարիջանիի սպանությանն ի պատասխան՝ Իրանը կասետային մարտագլխիկներ կրող հրթիռներով հարվածներ է հասցրել Իսրայելի տարբեր քաղաքների: Նաև թիրախավորվել են Բահրեյնում, Իրաքում, Հորդանանում, Քուվեյթում, Սաուդյան Արաբիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում ամերիկյան ռազմաբազաները:


 


Թեհրանը սպառնացել է հարվածել մի շարք երկրներում նավթագազային ենթակառուցվածքների՝ ի պատասխան Բուշերի նահանգում «Հարավային Պարս» բնական գազի խոշոր հանքավայրի օբյեկտների թիրախավորման: Ավելի վաղ «Բուշեր» ատոմային էլեկտրակայանի տարածքում արկ էր ընկել, ինչի մասին Իրանը տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը:


 


ՌԴ արտգործնախարարությունը դատապարտել է հարվածը՝ նշելով, որ դա աղետի իրական վտանգ է ստեղծում ողջ տարածաշրջանի համար:


Զուգահեռ Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանին՝ հայտարարելով, որ թիրախավորում է «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքները: Երկրում նոր զոհեր են գրանցվել:


 


Մերձավոր Արևելքում իրավիճակը քննարկել են Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարները: Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Գերմանիան ցանկանում է Իրանում փոփոխություններ տեսնել, բայց դա պետք է տեղի ունենա ոչ թե դրսից՝ ռազմական ճանապարհով, այլ երկրի ներսում:


Ընթացող ռազմական գործողությունների ֆոնին ՆԱՏՕ-ն Թուրքիա է ուղարկում երկրորդ «Փեթրիոթ» զենիթահրթիռային համակարգը: Այն կտեղակայվի Ադանայի նահանգի «Ինջիրլիք» ավիաբազայում:


Միևնույն ժամանակ Իրաքը վերսկսել է նավթի արտահանումը Քիրքուքից՝ դեպի թուրքական Ջեյհան նավահանգիստ տանող խողովակաշարով: Ավելի վաղ արտահանումը դադարեցվել էր, քանի որ Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների ֆոնին իրաքյան աշխարհազորայինները թիրախավորում էին տարածաշրջանի նավթավերամշակման գործարանները։


Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։


Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան

Դիտումների քանակ2

Leave a comment