Մարտի 19-ին և 20-ին Հայաստան կժամանի Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը՝ ԵՄ-Հայաստան համագործակցության ամրապնդման և տարածաշրջանային կապուղիների զարգացման նպատակով: Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի պաշտոնական հրապարակումից։
Մարտի 19-ին Երևանում հանձնակատարը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Քննարկումների առանցքում կլինեն սպասվող ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև տրանսպորտային, թվային, էներգետիկ և առևտրային կապերի ամրապնդումը՝ համաձայն ԵՄ կապուղիների օրակարգի:
Մարթա Կոսը կհանդիպի նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ քննարկելու Հայաստանի համար ԵՄ 270 մլն եվրո արժողությամբ «Դիմակայունության և աճի ծրագրի» ընթացքը, որից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս: Նախատեսված է նաև հանդիպում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Մարտի 20-ին Գյումրիում հանձնակատարը կայցելի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ձեռնարկություններ, որոնք աջակցում են սոցիալական ներառմանը և աշխատատեղերի ստեղծմանը:
2024-ին ԵՄ ծրագրերն աջակցել են ավելի քան 7,000 հայաստանյան ձեռնարկությունների՝ ստեղծելով ավելի քան 20,000 աշխատատեղ: Մարթա Կոսը կլինի նաև Գյումրիի պատմական շուկայում, որն այժմ վերականգնվում է ԵՄ միջոցներով, և կայցելի տեխնոլոգիական նորարարական հաբ: Հանձնակատարը ելույթ կունենա Շիրակի պետական համալսարանում, կհանդիպի «Եվրոպական միության երիտասարդ դեսպանների», քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների հետ:
The post Մարտի 19-20-ը Հայաստան կժամանի Մարթա Կոսը appeared first on CIVILNET.