Եվրահանձնակատար Մարթա Կոսը Հայաստան կայցելի՝ ամրապնդելու ԵՄ-ՀՀ գործընկերությունը

Քաղաքականություն

18.03.2026 | 17:21

Հինգշաբթի և ուրբաթ օրերին ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը կգտնվի Հայաստանում՝ ԵՄ-ի և Հայաստանի միջև համագործակցությունն ամրապնդելու և տարածաշրջանային կապակցվածությունը խթանելու համար։ Եվրահանձնաժողովի հաղորդմամբ՝ հինգշաբթի Երևանում հանձնակատարը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Քննարկումները կկենտրոնանան ԵՄ-ՀՀ առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստման, ինչպես նաև տրանսպորտային, թվային, էներգետիկ և առևտրային կապերի ամրապնդման վրա՝ համաձայն ԵՄ կապակցման օրակարգի։ Նրանք նաև կքննարկեն տարածաշրջանային իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը։

Կոսը նաև կհանդիպի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ՝ քննարկելու ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 270 միլիոն եվրոյի դիմակայունության և աճի ծրագրի առաջընթացը: Հանդիպումից հետո կկայանա համատեղ մամուլի ասուլիս:

Հանձնակատարը կհանդիպի նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ մտքեր փոխանակելու համար:

Ուրբաթ Գյումրիում հանձնակատար Կոսը կայցելի ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ձեռնարկություններ, որոնք աջակցում են սոցիալական ներառմանը, տեղական տնտեսական աճին և աշխատատեղերի ստեղծմանը: Միայն 2024 թվականին ԵՄ ծրագրերը աջակցել են ավելի քան 7000 հայկական բիզնեսների՝ ստեղծելով ավելի քան 20,000 աշխատատեղ։

Հանձնակատարը կայցելի նաև Գյումրիի պատմական շուկա, որը ԵՄ ֆինանսավորմամբ է վերականգնվում, ինչպես նաև նորարարական կենտրոն, որը խթանում է երիտասարդների հմտությունները տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտում։ Կոսը ելույթ կունենա Շիրակի պետական ​​համալսարանում: Այնուհետև նա կհանդիպի երիտասարդ եվրոպացի դեսպանների, ինչպես նաև ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերում ներգրավված տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և լրագրողների հետ՝ նրանց աշխատանքի վերաբերյալ կարծիքներ փոխանակելու և քննարկելու նրանց դերը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ապահովման գործում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment