Շարունակվում է Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովի շրջանակում այսօր մասնակցել է «Ինչպե՞ս ենք մենք հոգ տանում Հայաստանում․ կրթություն, արժանապատվություն, սոցիալական աջակցություն փախստականների համար և ժողովրդավարության ապագան» խորագրով պանելային քննարկմանը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ հանրային հոգածության միջավայրի ձևավորումը զարգացման կարևորագույն պայմաններից է, և այս ուղղությամբ արդեն իսկ արձանագրվել է որոշակի առաջընթաց։ Միաժամանակ նա նշել է, որ իրավիճակը ճիշտ գնահատելու, ինչպես նաև սեփական խնդիրներն ու ձեռքբերումները գիտակցելու կարողությունն առանցքային նշանակություն ունի։

Նախարարն ընդգծել է՝ համավարակի և պատերազմի հետևանքով ստեղծված մարտահրավերային իրավիճակում Հայաստանի կրթական համակարգը, թեև բախվելով բազմաթիվ դժվարությունների, շարունակել է գործել․ աշխատել են թե՛ մարդիկ, թե՛ ինստիտուտները՝ հաղթահարելով անորոշությունն ու վախերը։

Նախարարի խոսքով՝ իրական զարգացումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ քաղաքացիական և իրավական գիտակցությունը ձևավորվում է որպես ներքին պահանջ, և մարդիկ պահպանում են համակեցության կանոնները ոչ թե վերահսկողության, այլ գիտակցված ընտրության արդյունքում։

Պանելային քննարկմանը մասնակցել են նաև Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկայացուցիչ Նատիա Նացվլիշվիլին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Leave a comment