«Իջևանի անտառտնտեսություն»-ում փայտանյութով բեռնված մեքենա է հայտնաբերվել․ վարորդը փաստաթղթեր չի ներկայացրել
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՇՄՆ Էկոպարեկային ծառայության կողմից անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում շարունակվում են ուժեղացված կանխարգելիչ-հսկողական միջոցառումները։
Ծառայության Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամասի ծառայողները «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Իջևանի անտառպետության 4-րդ պահաբաժնի տարածքում նկատել են «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա՝ փայտանյութով բեռնված։
Էկոպարեկների կողմից մեքենան անմիջապես կանգնեցվել և ստուգվել է։ Մեքենայի վարորդ Ս.Ա.-ն խոստովանել է, որ տեղափոխում էր բոխի տեսակի փայտանյութ, սակայն նա չի ներկայացրել դրա օրինականությունը հավաստող անհրաժեշտ փաստաթղթեր։
Դեպքի առթիվ կազմվել են օրենսդրության խախտման և վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, կատարվել է բուսական աշխարհին պատճառված վնասի հաշվարկ, իսկ փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է Տավուշի մարզային վարչության Իջևանի տեղամաս: