Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։
Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ պատրաստվում են դիմել Ֆրանսիայի իշխանություններին՝ հետաքննություն սկսելու «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ, որը, ենթադրաբար, ունի ինչպես ֆրանսիական, այնպես էլ վրացական քաղաքացիություն։
Նորաստեղծ «Ընդդիմադիր» դաշինքի ներկայացուցիչները երկուշաբթի հայտնել են, որ «վերցնում են պատասխանատվություն» ԵԱՀԿ-ի կողմից Վրաստանում ժողովրդավարության հետընթացի վերաբերյալ քննադատական զեկույցում ներկայացված կոնկրետ առաջարկությունների իրականացման համար։
Այդ առաջարկությունների թվում կա նաև ԵԱՀԿ անդամ պետություններին ուղղված կոչ՝ Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ) հայցեր ներկայացնելու «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների դեմ։
Զեկույցում նշվում է Վրաստանում «ակնհայտ ժողովրդավարական հետընթաց», ինչպես նաև այլախոհների նկատմամբ «բռնության և այլ չարաշահումների համակարգային դրսևորումներ», որոնք երբեմն «հասնում են խոշտանգման շեմին» և հաճախ ուղեկցվում են «գրեթե լիակատար անպատժելիությամբ»։
Այն պատրաստվել է ԵԱՀԿ-ի Մոսկվայի մեխանիզմի շրջանակում, որը նախատեսված է անդամ պետություններում մարդու իրավունքների խախտումները բացահայտելու և դրանց արձագանքելու համար։
«Մոսկվայի մեխանիզմի զեկույցը հիմնովին փոխել է իրավիճակը։ Սա ամբողջովին նոր միջազգային իրականություն է», ասել է «Դրոա» ընդդիմադիր կուսակցության անդամ Գիգա Լեմոնջավան՝ հավելելով, որ «այս իրականությունում «Ընդդիմադիր» դաշինքը նոր պատասխանատվություններ ունի»։
Դաշինքը ներկայացրել է իր գործողությունների ծրագիրը՝ հիմնվելով զեկույցի հեղինակների կողմից միջազգային հանրությանը ներկայացված չորս հիմնական առաջարկությունների վրա։
Դրանցից մեկը վերաբերում է ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի ներգրավմանը՝ Վրաստանում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման նպատակով, ինչպես նաև ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարի երկրի գրասենյակի հնարավոր ստեղծմանը։
Կուսակցությունների խոսքով՝ արդեն սկսվել է «ակտիվ համակարգում» հանձնակատարի գրասենյակի հետ՝ նրա մանդատի իրականացումը Վրաստանում ապահովելու համար։
«ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարն ունի տեղում իրավիճակը ուսումնասիրելու լիազորություն», հավելել է Լեմոնջավան։
Դաշինքը նաև կարևորել է այն առաջարկությունը, որով կոչ է արվում խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի համար պատասխանատուներին և նրանց ղեկավարներին ենթարկել պատասխանատվության ազգային դատարաններում՝ հնարավորության դեպքում «ներառյալ համընդհանուր իրավասության սկզբունքի կիրառմամբ»։
Համընդհանուր իրավասությունը միջազգային իրավունքի սկզբունք է, որը թույլ է տալիս ազգային դատարաններին դատապարտել անձանց որոշակի հանցագործությունների համար՝ անկախ այն բանից, թե որտեղ են դրանք կատարվել կամ ինչ քաղաքացիություն ունեն մեղադրյալը կամ զոհը։
Այս համատեքստում դաշինքը հատուկ ընդգծել է Ֆրանսիան՝ նշելով, որ Իվանիշվիլին «ֆրանսիական քաղաքացիություն ունի»։
«Մենք սկսում ենք շատ ակտիվ հաղորդակցություն ֆրանսիական քննչական մարմինների, այդ թվում՝ դատախազության հետ, որպեսզի Իվանիշվիլիի նկատմամբ ազգային մակարդակով՝ առանձին երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, սկսվի հետաքննություն համակարգային խոշտանգումների և քիմիական միջոցների կիրառման վերաբերյալ»,- նշել են նրանք։
Կուսակցությունները նաև ուշադրություն են հրավիրել այն առաջարկությանը, ըստ որի՝ 1992-ի Քիմիական զենքի մասին կոնվենցիայի անդամ պետությունները կարող են դիմել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (OPCW) գործադիր խորհրդին՝ պարզաբանելու «վրացական իշխանությունների կողմից քիմիական միջոցների ենթադրյալ կիրառումը»։
Ընդդիմության խոսքով՝ քանի որ իշխանությունները «չեն համագործակցի այս հարցում», իրենք կսկսեն համակարգել միջազգային գործընկերների հետ՝ «OPCW-ին դիմելու համար, որպեսզի այն իր կանոնակարգին համապատասխան սկսի հետաքննություն»։
Դաշինքը նաև ընդգծել է այն առաջարկությունը, որով Հռոմի ստատուտի մասնակից պետություններին առաջարկվում է Վրաստանի իրավիճակը փոխանցել Միջազգային քրեական դատարանին։ Դա ներառում է «քաղաքական հետապնդման, խոշտանգումների և այլ անմարդկային գործողությունների» դեպքերը։
«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին հայտնվի այն նույն տեղում, որտեղ հայտնվել են բազմաթիվ ավտորիտար ղեկավարներ և արյունալի բռնապետներ՝ Հաագայի դատարանի ամբաստանյալի աթոռին», հայտարարել են նրանք։
«Վրացական երազանք» կուսակցությունն ու նրա դաշնակիցները մերժել են ԵԱՀԿ զեկույցը՝ այն անվանելով անհիմն, իսկ իշխող կուսակցության մի պատգամավոր նշել է, որ զեկույցը կմնա «դատարկ փաստաթուղթ»։
Վրաստանի իշխանությունների նկատմամբ միջազգային քննադատությունը վերջին տարիներին աճել է՝ կապված այլախոհության նկատմամբ խստացվող քաղաքականության հետ։ Այս ֆոնին Վրաստանի հարաբերությունները զգալիորեն վատթարացել են իր երկարամյա միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԵՄ-ի հետ։
The post Վրաստանի ընդդիմությունը ծրագրում է դիմել Ֆրանսիային՝ Իվանիշվիլիի դեմ հետաքննություն սկսելու համար appeared first on CIVILNET.