«Մեղադրանքը՝ հայ. խորհրդային տեռորը Ցեղասպանության ստվերի ներքո» խորագրով «ՀայԱրտ» կենտրոնում մարտի 13-ին բացված ցուցադրությունը ժամանակագրության, փաստաթղթերի եւ անհատական ճակատագրերի միջոցով ներկայացնում է, թե ինչպես են խորհրդայնացումն ու պետական տեռորը ԽՍՀՄ-ում անդրադարձել հայերի ազգային ինքնագիտակցության վրա։
Ազգային թեմաները տաբու էին. արգելված էին Հայոց ցեղասպանության ճանաչման, Արեւմտյան Հայաստանի հայերի ճակատագրերի, խորհրդային կարգերի հաստատումից հետո Ադրբեջանին անցած Նախիջեւանի ու Արցախի, Արարատի ու այլ ազգային խորհրդանիշների հետ կապված հարցերը: Հազարավոր մարդիկ դատապարտվում էին որպես «նացիոնալիստ» պարզապես հայկական ինքնությունը կրելու համար։
Այս ցուցադրությունը մաս է կազմում գերմանա-հայկական «Fear-Less-Hope․ շրջանակելով ժամանակը» խորագրով արվեստի փառատոնի, որն իրականացվում է Ֆրայբուրգի համալսարանի «Ցվետաեւա» կենտրոնի եւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «ՀայԱրտ» կենտրոնի համագործակցությամբ։
1915-ի լռեցումը՝ ճնշումների առանցքում
«Մեղադրանքը՝ հայ» ցուցադրության համադրողը արվեստագետ, հետազոտող Աննա Մարգոլիսն է, համահամադրողը՝ Արեն Վանյանը։
«Այս ցուցադրությունն առաջին անգամ իրականացվել է Գերմանիայում 2025թ. դեկտեմբերին։ Իհարկե, Հայաստանի ցուցադրությունը փոքր-ինչ տարբերվում է. տեքստերը նույնությամբ գերմաներենից հայերեն թարգմանելը ճիշտ չէր լինի, ուստի որոշ տարրեր փոխել ենք, այլ շեշտադրումներ կատարել»,- ասում է Աննա Մարգոլիսը։
«Իմ նախապապը փիլիսոփա էր Ռուսաստանում։ Նա բանտարկվել է, աքսորվել ու մահապատժի ենթարկվել 1937 թվականին։ Բայց այս թեմայի նկատմամբ իմ հետաքրքրությունը զուտ ընտանեկան չէ, ես շատ եմ ուսումնասիրում ոչ միայն խորհրդային բռնաճնշումների, այլեւ Հայոց Ցեղասպանության ու Հոլոքոստի թեմաները։ Ռուսաստանում ապրելու տարիներին աշխատել եմ «Մեմորիալ Ինթերնեշնլ» հասարակական կազմակերպությունում, որը Խորհրդային միությունում ստեղծված առաջին հասարակական կազմակերպություններից էր։ Մի քանի տարի առաջ այն արգելվեց ՌԴ իշխանությունների կողմից»,- պատմում է Աննա Մարգոլիսը։
Ցուցահանդեսի տեքստերը կազմել են խորհրդային շրջանն ուսումնասիրող մի խումբ հետազոտողներ՝ ազգագրագետ եւ պատմաբան պ.թ.գ. Հրանուշ Խառատյանը, Armenia Total(itar)is նախագծի հետազոտող պ.թ.գ Գայանե Շագոյանը, իրավաբան, նախկին խորհրդային քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը:
Թեեւ բռնաճնշումներ իրականացվում էին խորհրդային բոլոր հանրապետություններում, Հայաստանի պարագան առանձնանում էր. հայերի նկատմամբ իրականացված խորհրդային տեռորի պատմությունը սերտորեն հյուսված է հայ ժողովրդի մեկ այլ ողբերգության՝ 1915 թվականի Ցեղասպանության հետ, որը սկսվել էր Օսմանյան կայսրությունում եւ տարբեր ձեւերով շարունակվել Թուրքիայի Հանրապետությունում։
«Խորհրդային շրջանում հայերի նկատմամբ հետապնդումների շեշտը դրվում էր ազգային ինքնության արտահայտման վրա։ Օրինակ՝ Հայոց ցեղասպանության թեման բարձրացնելը, կամ խոսելն այն հայերի մասին, ովքեր մնացել էին Թուրքիայում, եւ մի շարք այլ ազգային թեմաներով հետաքրքրվելը, համարվում էր ազգայնականություն, որի համար բազում մարդիկ ճնշվում էին»,- մանրամասնում է ցուցադրության համադրողը:
Գնդակահարություններից՝ ազգային զարթոնք
Ցուցահանդեսի առաջին մասը ներկայացնում է խորհրդայնացումից հետո մինչեւ Ստալինի մահն ընկած ժամանակահատվածը, որը բնորոշվում է Ցեղասպանության հիշողության պետական լռեցմամբ, «նացիոնալիստների» դեմ քաղաքական տեռորով եւ գոյատեւման համար «չարյաց փոքրագույնի» պարտադրված ընտրությամբ։
Բռնաճնշումների ժամանակ մարդկանց տրվում էին «հակախորհրդայիններ», «հակահեղափոխականներ» պիտակավորումները, սակայն հայերի պարագայում դրանց ավելանում էր «ազգայնական» որակումը։ Հայերի նկատմամբ կիրառվող բռնաճնշումների առանձնահատկություններից մեկն էլ ստալինյան տեղահանություններն էին։ 1936-1951 թվականներին ԽՍՀՄ-ում հայերին տեղահանել են ոչ միայն խորհրդային Հայաստանից, այլեւ Ադրբեջանից, Վրաստանից, Ղրիմից։
Ցուցահանդեսի երկրորդը մասը՝ հետստալինյան շրջանը, ներկայացնում է ազգային ինքնագիտակցության վերածննդի պատմությունը, 1960-ականների քաղաքացիական պայքարը Ցեղասպանության ճանաչման եւ հուշահամալիրի կառուցման համար, տարածքային հարցերի բարձրաձայնումը, 1970-ականների ընդհատակյա եւ այլախոհական շարժումները, անկախության գաղափարի ծնունդը, 1980-ականների ժողովրդավարական հանրահավաքները, Արցախյան շարժման ծնունդն ու անկախության վերականգնումը 1991 թվականին։
«Այս շրջանի կարեւոր տարեթվերից է 1965 թվականը, երբ տեղի ունեցան խորհրդային ժամանակների համար բավականին անսովոր լայնամասշտաբ ցույցեր։ Կարծիք կա, որ դրանք «վերեւից» էին խրախուսված, բայց իրականում այդպես չէ, սա ազգային շարժում էր, որի շնորհիվ էլ հնարավոր դարձավ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կառուցումը»,- մանրամասնում է Աննա Մարգոլիսը։
Հետաքրքրական է նաեւ այն, թե 1960-ականներին ստեղծված այլախոհական շարժումներն ինչպիսի ազդեցություն էին ունենում ապագա սերնդի վրա։
«Այս հատվածում ներկայացնում ենք Պարույր Հայրիկյանի արխիվային հարցազրույցի ձայնագրությունը, որտեղ նա հիշում է իր մանկությունն ու պատմում, թե ինչպես դպրոցական տարիքում սկսեց հարցականի տակ դնել որոշ գաղափարներ։ Այս պատմությունը հետաքրքիր է հենց այդ իմաստով՝ ինչպես էր ազգային գաղափարներով ոգեւորվում երիտասարդությունը, հանրահավաքներն ինչպիսի ազդեցություն էին ունենում նույնիսկ դպրոցականների մտածողության վրա»,-բացատրում է ցուցադրության համադրողը:
Հիշողություն կամ դրա բացակայությունը
Ցուցադրության երրորդ մասը ներկայացնում է, թե ինչպես է մասնավոր ու ինստիտուցիոնալ դաշտում արտահայտվել կամ էլ ստվերվել բռնաճնշումների հիշողությունը:
«Բռնադատվածների հուշահամալիրը Երեւանում բացվել է 2008 թվականին, սակայն դրանից հետո բռնադատվածների հիշատակի օրը՝ հունիսի 14-ին, որեւէ պաշտոնական, արարողակարգային այց չի եղել Հայաստանի իշխանությունների կողմից»,- ասում է Աննա Մարգոլիսը: Հետո մատնանշում է ժամանակագրության վերջնամասում տեղ գտած սկանդալային միջադեպը, երբ Երեւանի քաղաքապետի մասնակցությամբ հուշահամալիրի տարածքում նորաձեւության ցուցադրություն էր անցկացվել։
Թեեւ բռնաճնշումների հիշողությունը ուժեղ ինստիտուցիոնալ ձեւակերպումներ չստացավ, այն առկա է մասնավոր խմբային հիշողության տիրույթում։ Հատկապես գյուղական բնակավայրերում պատկերն այլ է. խորհրդային բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված շուրջ 16 հուշարձան կա Հայաստանի տարածքում, որոնք հիմնականում համայնքների նախաձեռնությամբ են իրականացվել: Ցուցադրության մաս կազմող ինտերակտիվ քարտեզում այդ բոլոր հուշարձանները նշված են։
Ցուցահանդեսն ընդգծում է, որ ողբերգական պատմությունը շարունակվում է արդի ժամանակներում. մեկ դար անց դեռեւս փակված չէ Հայոց Ցեղասպանության հարցը, իսկ հայերի էթնիկ զտումները շարունակվում են մինչ օրս, ինչպես, օրինակ` Արցախում:
Բռնաճնշումների արտացոլումը անձնական իրերում
Աննա Մարգոլիսի համար այս ցուցադրության ամենամեծ «գանձը» բռնադատվածների անձնական իրերի հավաքածուն է: Յուրաքանչյուրն
իր առանձին պատմություն ունի՝ մեկ ընդհանուր դիմագծով:
Ցուցադրված է մի հին տետր, որը պատռել են, այնուհետեւ կտորները հավաքել ու կպչուն ժապավենով ամրացրել, որպեսզի հնարավոր լինի ընթերցել։ Դրանում արտագրված են «Ընդհատակյա կազմակերպությունների անվտանգության կանոններ»-ով գրքույկից հատվածներ։ Այն պատկանում է խորհրդային քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանին. տետրը 1980 թվականին հայտնաբերվել է ՊԱԿ-ի աշխատակիցների կողմից, սոսնձվել ու կցվել քրեական գործին։
Մեկ այլ հետաքրքրական արտեֆակտ է բանաստեղծ, քաղաքական գործիչ Ռաֆայել Պապայանի նամակներից մեկը, որը նա քաղբանտարկյալների գաղութից ուղարկել է ընտանիքին։ Կողքին դրված խոշորացույցով կարելի է կարդալ նամակը, որն առաջին հայացքից 1984 թվականի ամանորի սովորական նկարագրություն է միայն։ Սակայն նամակը գաղտնագրված ուղերձ ունի, իսկ բանալին Պապայանի ծննդյան տարեթիվն է՝ 1942։ Գաղտնի ուղերձը կարդալու համար պետք է համադրել առաջին տողի 1-ին վանդակում, երկրորդ տողի 9-րդ վանդակում, երրորդ տողի 4-րդ վանդակում եւ չորրորդ տողի 2-րդ վանդակում տեղակայված տառերն ու այդպես շարունակ։
Ներկայացված են նաեւ Գուրգեն Մահարու երկարաճիտ կոշիկները, որը նա հագել է Սիբիրում: Իսկ փոքրիկ լաթե տիկնիկ-ասեղնամանը, որը լցված է բանտարկյալ կանանց մազերով, ճամբարում կարել եւ պահպանել է Սերիկ (Սիրուհի) Դավթյանը՝ Դիլիջանի երկրագիտական թանգարանի հիմնադիրը։ Նա Հայաստանից միակ կին բռնադատվածն է, որին դատապարտել են այսպես կոչված ստալինյան ցուցակներով։
Մեկ այլ արտեֆակտ, որ թվում է թե սովորական ակնոց է, պատկանել է Լեռ Կամսարին, եւ մեծագույն երգիծաբանից մնացած սակավ մասունքներից է։
Ճամբարային վերնաշապիկն էլ պատկանում է երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր, քաղբանտարկյալ Գեորգի Խոմիզուրիին, որն ազատ է արձակվել գորբաչովյան համաներմամբ, կարողացել է իր հետ վերցնել ճամբարային վերնաշապիկը, որով էլ ամեն տարի հունիսի 14-ին այցելում է բռնադատվածների հուշահամալիր:
Հարցեր, որոնց մասին պետք է խոսել
Ցուցադրությունը հետազոտական ծավալուն նյութ է ներկայացնում, որը հավուր պատշաճի ուսումնասիրելու համար ցուցասրահում արժե երկար ժամանակ անցկացնել։ Այդուհանդերձ, դրան չի նպաստում ցուցադրության տարածքի սաստիկ ցուրտը. շենքում վերանորոգման աշխատանքներ են ընթանում եւ ցուցադրության բացումից ընդամենը օրեր առաջ հանել են պատուհանները։
Քանի որ ցուցադրության կազմակերպումը համաձայնեցվել էր դեռ ամիսներ առաջ, այս իրավիճակը Աննա Մարգոլիսի համար անսպասելի էր։
Միեւնույն ժամանակ, չնախատեսված անհարմարությունը, մի տեսակ, օգնում է ավելի լավ զգալ ցուցադրության ժամանակաշրջանը եւ բռնադատվածների պատմություններն ընթերցելիս օգնում զգալ բանտի սառը պատերը։
Ներկայացված են նաեւ մի շարք աուդիո-վիզուալ նյութեր, որոնցից առանձնանում է Իշխան Մկրտչյանին նվիրված անիմացիոն ֆիլմը:
Ցուցադրությունն ունի նաեւ ինտերակտիվ մաս, որի համար օգտագործվել է մեկ այլ անձնական իր՝ ճամփորդական պահարան: Այն պատկանել է Փարիզի բնակիչ Ա. Թադավորյանին, որը հավատալով սովետական քարոզչությանը՝ 1948 թվականին հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան։ Նրա հետագա ճակատագիրն անհայտ է, սակայն այդ շրջանում բազմաթիվ հայրենադարձներ հետապնդումների էին ենթարկվում՝ հիմնականում լրտեսության մեղադրանքով։
«Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, երբ Ստալինն առաջ քաշեց այսպես կոչված «Թուրքական նախագիծ»-ը, խորհրդային իշխանությունները սկսեցին հայերի «հայրենադարձության» քարոզչական արշավ, որով բազմաթիվ հայեր աշխարհի տարբեր երկրներից եկան Խորհրդային Հայաստան՝ պատկերացում չունենալով, թե իրականում ուր են գնում. իսկ վերադարձի ճանապարհ այլեւս չկար։ Նրանք կորցրին գրեթե ամեն ինչ, շատերն էլ ճնշվեցին եւ արտաքսվեցին»,- մանրամասնում է Աննա Մարգոլիսը։
Այժմ պահարանի դարակների վրա հարցեր են գրված, եւ այցելուներից յուրաքանչյուրը կարող է գրի առնել իր մտորումներն ու դնել համապատասխան դարակի մեջ: Դրանք վերաբերում են Հայաստանի խորհրդայնացմումը որպես զավթում, բռնակցում կամ փրկություն բնորոշումներին, արդյոք կարիք կա բռնաճնշումների թանգարան ստեղծելու, ՊԱԿ-ի արխիվների ամբողջական գաղտանզերծման եւ առհասարակ՝ ինչպես է պետք ընկալել այդ շրջանը:
«Այս հարցերի շուրջ համաձայնություն չկա։ Դրանք բաց հարցեր են, հավանաբար այն պատճառով, որ շատ բարդ են։ Ես կուզենայի, որ այս թեմաները ավելի շատ քննարկվեն եւ ավելի տեսանելի դառնան նաեւ անձնական պատմությունների միջոցով։ Սա հայոց պատմության եւս մի էջ է, որը նույնպես ուշադրության կարիք ունի։ Այո, այն առաջինը չէ եւ գուցե ոչ ամենակարեւորը չէ, բայց նույնպես կարեւոր է»,- ամփոփում է Աննա Մարգոլիսը:
«Մեղադրանքը՝ հայ. խորհրդային տեռորը Ցեղասպանության ստվերի ներքո» ցուցադրությունը «ՀարԱրտ» կենտրոնում կգործի մինչեւ ապրիլի 1-ը:
Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի