Ինչու է Ադրբեջանն արդեն 6 տարի փակ պահում ցամաքային սահմանները

Ներկայացնում ենք BBC-ի ռուսական ծառայության Почему Азербайджан уже шесть лет держит закрытыми наземные границы? հոդվածի հայերեն թարգմանությունը:
Մահերամ Զեյնալով
Ադրբեջանն աշխարհում միակ երկիրն է, որը դեռեւս փակ է պահում իր ցամաքային սահմանները կորոնավիրուսի դեմ պայքարի պատրվակով։ Ընդ որում իշխանությունները խոստովանում են, որ իրական պատճառը ինչ-որ արտաքին ուժեր են, որոնք կարող են ներթափանցել երկիր։ Մինչդեռ Վրաստանում ապրող տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ տարիներ շարունակ չեն տեսնում իրենց հարազատներին։
Եթե Վրաստանում ապրելու իմ երկու տարիների ընթացքում ամեն անգամ «Ինչո՞ւ ձեր երկիրը չի բացում ցամաքային սահմանները» հարցը լսելիս մեկ դոլար խնայեի, գումարը կբավարեր Բաքու մեկնող ինքնաթիռի տոմսի գնելու համար։
Իսկ եթե մեկ դոլար խնայեի յուրաքանչյուր լսածս տեսության համար, թե ինչու է Ադրբեջանը իրականում փակ պահում սահմանները, ուղեբեռի համար էլ փող կունենայի։
Կորոնավիրուսի համավարակի սկսվելուց վեց տարի անց, երբ շատ երկրներում դրա մասին միակ հիշեցումը հանրային զուգարաններում տեղադրված ցուցանակներն են, որոնք կոչ են անում ավելի լավ լվանալ ձեռքերը, Ադրբեջանը շարունակում է օգտագործել այն՝ իր ցամաքային սահմանները փակ պահելու նպատակով։ 
Սակայն ո՛չ ժողովուրդը, ո՛չ էլ Ադրբեջանի իշխանությունները, որոնք երեք ամիսը մեկ երկարաձգում են արգելքը, չեն հավատում այս պատճառաբանությանը։ Նրանք՝ նախագահ Իլհամ Ալիեւը եւ խորհրդարանի պատգամավորները, խոսում են արտաքին սպառնալիքների մասին՝ առանց նշելու, թե կոնկրետ ում նկատի ունեն, եւ ընդհանուր հղում են անում անկայուն համաշխարհային իրավիճակին եւ աշխարհաքաղաքականությանը։
Փակ են ցամաքային սահմանները բոլոր հարեւանների՝ Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Հայաստանի եւ Վրաստանի հետ։
Վրաստանի դեպքում իրավիճակը հատկապես ծանր է. ադրբեջանցիները Վրաստանի ամենամեծ փոքրամասնությունն են՝ 233,000 մարդ։ Գրեթե բոլորը ապրում են ադրբեջանական սահմանին մոտ շրջաններում։
Շատերն իրենց ապրուստը վաստակում էին սահմանային առեւտրով. սահմանի մյուս կողմում՝ այդքան մոտ, բայց ըստ էության անհասանելի, ապրում էին նրանց հարազատները։
Երկու մայրաքաղաքների միջով՝ հարեւան գյուղ
Վերջին վեց տարիներին Վրաստանի Կիրաչ-Մուղանլո գյուղը մասամբ լքվել է։ Այն գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին. գյուղի ծայրից մինչեւ սահմանային կետը ընդամենը երկու հարյուր մետր է։
Այստեղ նախկինում առեւտուր կար։ Աշխատում էին ռեստորանները։ Զբոսաշրջիկները կանգ էին առնում մի կտոր հաց ուտելու։
Ահա այն հացթխարանը, որտեղից մի քանի տարի առաջ Թբիլիսի գնալիս գյուղական հաց էի գնում։ Հիմա այն դատարկ է։ «Բոլորը կոտր են ընկել, բոլորը սնանկացել են», – ասում է մի կին, որը սագերին ներս է քշում փայտե ցանկապատի հետեւը։
Այստեղ կան ամուր քարե տներ՝ երկհարկանի, մետաղական փորագրություններով մեծ տաղավարներով։ Բայց շատերը նաեւ լքված են, անավարտ։ Լքված պանդոկի տարածքում թափառում են հավերը։
Գյուղի բնակիչներն ասում են, որ միակ եկամուտն այստեղ տաքսու հազվադեպ հաճախորդներն են։ Ադրբեջանը ոչ մեկին ներս չի թողնում, բայց երկրից ցամաքային սահմանով դուրս գալը հնարավոր է, եթե Ադրբեջանի քաղաքացի չեք։ 
Վրացական անձնագրեր ունեցող ադրբեջանցիների համար սա նշանակում է, որ նրանք կարող են ինքնաթիռով այցելել հարազատներին եւ ցամաքով վերադառնալ։ Սահմանի մյուս կողմում իրենց հարազատների համար օդային ճանապարհորդությունը միակ տարբերակն է։
Ադրբեջանն ունի մեկ խոշոր միջազգային օդանավակայան, որը կանոնավոր չվերթներ է իրականացնում դեպի այլ երկրներ. այն Բաքվում է։
Ադրբեջանի սահմանները փակելուց հետո, ըստ կառավարության վիճակագրության, ադրբեջանցիները սկսեցին ավելի քան երկու անգամ քիչ ճանապարհորդել։
Նրանք հազվադեպ են օգտագործում ինքնաթիռներ, եւ Վրաստանը նրանց երկրորդ ամենաշատ այցելած երկիրն էր՝ Ռուսաստանից հետո։ Այժմ ադրբեջանցիները Վրաստան երեք անգամ ավելի քիչ են մեկնում։
Մինչ համավարակը Վրաստանում Ադրբեջանը երկրորդ ամենաշատ այցելվող երկիրն էր՝ Թուրքիայից հետո։ Սակայն հիմա Վրաստանի քաղաքացիները Ադրբեջան են մեկնում տասն անգամ պակաս հաճախ։
Տասնհինգ տղամարդ կանգնած է Կիրաչ-Մուղանլոյի մոտ գտնվող անցակետում։ Նրանցից մեկը 67-ամյա Ազադ Իսմայիլովն է, որը ծնվել ու մեծացել է գյուղում։ Նա պատմում է, որ Ադրբեջանում ապրող իր որդու հետ շփվում է միայն տեսազանգի միջոցով. ոչ մեկը ինքնաթիռի տոմսի փող չունի։
«Մենք չենք կարող գնալ [Ադրբեջան]. ինքնաթիռի տոմսն արժե 600 լարի (224 դոլար), իսկ իմ թոշակը 350 լարի է։ Ինչի՞ վրա ծախսեմ այդ գումարը՝ ինքնաթիռի տոմսի՞, թե՞ ստամոքսիս։ Հարսանիքների, հուղարկավորությունների չենք կարող գնալ», – ասում է Ազադը։
Սահմանի մյուս կողմում մայրուղու երկայնքով ձգվում է Շիխլի գյուղը։ Գրեթե բոլորը, ում հետ խոսեցինք, մյուս կողմում ազգականներ ունեն, որոնց նախկինում ոտքով էին այցելում։
Այժմ Շիխլի հասնելու համար պետք է մեկ ժամից ավել մեքենայով հասնել Թբիլիսիի օդանավակայան (մոտ 60 կմ), այնտեղից թռչել Բաքու, ապա գրեթե յոթ ժամ (ավելի քան 500 կմ) մեքենայով անցնել երկրով մեկ եւ վերադառնալ սահմանի մոտ։
«Բոլոր ազգականներս մյուս կողմում են, – ասում է երիտասարդ վարորդ Աբու Մամեդովը՝ վրացական անձնագրով ազգությամբ ադրբեջանցի, եւ մատնացույց անում սահմանային անցակետը։ – Մարդիկ նախկինում առեւտուր էին անում, բիզնես էին անում, իսկ հիմա այստեղ են մնացել։ Այնտեղ (Ադրբեջան—BBC) հասնելու համար պետք է թռչել Բաքվով, իսկ նախկինում ես օրական 10 անգամ գնում-գալիս էի Ադրբեջան»։ 
Աբուն ասում է, որ վերջին անգամ այնտեղ եղել է 2019 թվականին։
Փակ սահմանները խնդիր է Վրաստանի բոլոր այն վայրերի համար, որտեղ ապրում են ադրբեջանցիները՝ Մարնեուլի, Ռուսթավի, Թբիլիսի։ Երբ լսում են, որ Բաքվից ես, անմիջապես հարցնում են սահմանային իրավիճակի մասին եւ սկսում նմանատիպ պատմություններ պատմել հարազատների, հարսանիքների, հուղարկավորությունների եւ նախնիների գերեզմանների մասին։
Ադրբեջանի հյուպատոսությունում, որը ես երկու անգամ այցելել էի, ընդունարանի հերթում գրեթե բոլորը եկել էին ցամաքային սահմանը հատելու հատուկ թույլտվություն խնդրելու։ Համեստ հագնված մի կին, որը չգիտեր լատինական այբուբենը, որով Ադրբեջանը 30 տարի առաջ փոխարինել էր կյուրեղագիրը, խնդրեց ինձ նամակ գրել իր անունից՝ նկարագրելով իր աղքատությունը եւ իր փոքրիկ երեխաների հետ հանգուցյալ ամուսնու գերեզմանը այցելելու ցանկությունը։ 
Մարնեուլիի շուկայում մարդիկ, լսելով, որ Բաքվից եմ, հայհոյում են Ադրբեջանի իշխանությունները, այդ թվում՝ նախագահ Իլհամ Ալիեւին, որից այստեղ (ի տարբերություն Ադրբեջանի) չեն վախենում։
Սոցցանցերում Ադրբեջանից ցանկացած լուր կարող է հանգեցնել փակ սահմանների մասին խոսակցությունների։ Անցյալ տարվա հունվարի վերջին Ալիեւը շնորհավորեց աշխարհի տարբեր երկրներից ժամանած ադրբեջանցիներին Համերաշխության օրվա կապակցությամբ, իսկ լուրերի մեկնաբանություններում Վրաստանի ադրբեջանցիները պահանջում էին ի նշան համերաշխության բացել սահմանները։
Շատերը տեսություններ են առաջ քաշել փակ սահմանների իրական պատճառների մասին։ Ոմանք կարծում են, որ դա Հայաստանի հետ պատերազմի պատճառով է, եւ որ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո Ադրբեջանը կբացի սահմանները։ Մյուսները, այս բոլոր տարիներին՝ նույնիսկ Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից առաջ, մեկուսացումը կապում են այնտեղ պատերազմի հնարավորության եւ փախստականների հոսքի վտանգի հետ։
Կա տեսություն, որ Ադրբեջանի իշխանությունները վախենում են ռուսների հոսքից Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո, եւ այդ պատերազմի ավարտից հետո սահմանն անպայման կբացվի։ 
Տարածված է այն գաղափարը, որ մեկուսացումը կասեցնում է փողի արտահոսքը երկրից։ Մեկ այլ տեսությունն այն է, որ փակ ցամաքային սահմանները օգուտ են բերում պետական «Ազալ» ավիաընկերությանը։ 
Այս բոլոր տեսությունները՝ զուրկ որեւէ ապացույցից, դժվար թե այդքան ակտիվ քննարկվեին սահմանի երկու կողմերում, եթե իշխանությունները իրենց բացատրություններում ավելի կոնկրետ եւ պակաս հակասական լինեին։ 
Գաղտնի ուժեր, որոնք չի կարելի անվանել
«Այն, որ մեր ցամաքային սահմանները վերջին տարիներին փակ են մնացել, փրկել է մեզ շատ լուրջ աղետներից: Նույնիսկ այսօր, երբ սահմանները փակ են մնում, վտանգավոր գործողություններ են ձեռնարկվում եւ կասեցվում», – ասել էր Ալիեւը 2024 թվականին:
Ադրբեջանում Քովիդ-19-ի հետ կապված այլ սահմանափակումներ չեն մնացել, եւ նախագահն ինքը խոստովանում է, որ համավարակը ցամաքային սահմանները փակ պահելու պաշտոնական պատճառն է: Նա խոսում է «դրսից լուրջ սպառնալիքների» մասին, բայց դրանց անունը չի տալիս:
«Կարծում եմ՝ կհասկանաք, եթե մանրամասների մեջ չխորանանք», – ասում է Ալիեւը՝ հղում անելով ազգային անվտանգությանը, կայունությանը, ճգնաժամերին եւ տարածաշրջանի պատերազմներին:
Կառավարամետ լրատվամիջոցները, քաղաքագետները եւ խորհրդարանի անդամները պաշտպանում են նախագահի դիրքորոշումը: Երբեմն դրան աջակցում են նաեւ ադրբեջանական սոցցանցերը, հատկապես, երբ հայ մեկնաբաններն են սկսում չարախնդալ:
Ընդդիմության մնացորդները, քննադատելով որոշումը, երկիրը համեմատում են Թուրքմենստանի եւ Հյուսիսային Կորեայի հետ: Համակարգային ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Նատիգ Ջաֆարլին «ամոթալի» է անվանում այն գաղափարը, որ երկրի սահմանները փակ են անվտանգության նկատառումներով:
«Ադրբեջանի համար ավելի վատ դրույթ չէր կարող լինել. չէ՞ որ մեր բանակն ու անվտանգության կառույցներն ուժեղ են, հապա ինչո՞ւ Վրաստանն ու Հայաստանը, որոնք մեզանից շատ ավելի թույլ են, չեն փակում իրենց սահմանները նույն պատճառով, – գրում է նա։ – Ռուսաստանը, որը ագրեսիա է իրականացնում Ուկրաինայի դեմ, եւ Ուկրաինան, որը պայքարում է իր գոյության համար, չեն փակել իրենց սահմանները։ Ի՞նչ խնդիր ունենք մենք, որ մեր սահմանները փակ ենք պահում նման պատճառով»։
BBC-ն կապ հաստատեց Ադրբեջանի նախարարների կաբինետի հետ՝ սահմանների փակ լինելու իրական պատճառները պարզաբանելու համար, սակայն պատասխան չստացավ։
Հարավային Կովկասի հետազոտող Կիրիլ Կրիվոշեեւը համարում է, որ Իրանից (կամ նոր զորահավաքի դեպքում՝ Ռուսաստանից) փախստականների հոսքի սպառնալիք կա, բայց Ադրբեջանը կարող է առնվազն բացառություն անել Վրաստանի համար։
«Կարծում եմ, որ համավարակից հետո սա [սահմանների փակումը – BBC] պարզապես իներցիա է. այդպես նրանք ավելի հանգիստ են։ Իսկ քաղաքացիների շահերը, իհարկե, երկրորդական են, – ասում է նա։ – Դա նաեւ պաշարված ամրոցի ռեժիմ է, երբ ինքնակալությունը պետք է սարսափելի սպառնալիքներով արդարացնի ազատությունների սահմանափակումը»։
Գործող «կարանտինային ռեժիմը» լրանում է ապրիլի 1-ին, բայց քչերն են կարծում, որ այն կվերացվի։
Ադրբեջանցի գործարար Ազադը, որը խնդրել էր փոխել իր անունը, մինչեւ 2020 թվականը տարեկան մի քանի անգամ այցելում էր Թբիլիսի։
«Ես ասես տուն էի վերադառնում, բայց հիմա կարդում եմ այս մեկնաբանությունները, թե ինչպես է իմ երկիրը ամեն ինչ ճիշտ անում՝ չնայած ոչ ոք չի կարող բացատրել, թե ինչու, ու հուսահատվում եմ, – ասում է նա։ -Թվում է՝ սա երբեք չի ավարտվի»։
Թարգմանությունը՝ Մարիա Սադոյանի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:

Leave a comment