Իրանի պատերազմը սկսել ենք Իսրայելի ճնշման պատճառով. ԱՄՆ հակաահաբեկչական ծառայության ղեկավարը հրաժարական է տվել

Քաղաքականություն

17.03.2026 | 21:42

ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենը՝ նախագահ Դոնալդ Թրամփի վաղեմի կողմնակից Ջո Քենթը, հայտարարել է, որ հրաժարական է տվել Իրանի հետ պատերազմի պատճառով, գրում է NBC News-ը։

«Ես չեմ կարող մաքուր խղճով աջակցել Իրանում շարունակվող պատերազմին։ Իրանը մեր ազգի համար որևէ անմիջական սպառնալիք չէր ներկայացնում։ Ակնհայտ է, որ մենք այս պատերազմը սկսեցինք Իսրայելի և նրա հզոր ամերիկյան լոբբիի ճնշման պատճառով»,- նշել է Քենթը X-ում հրապարակված հայտարարության մեջ։

Ազգային հակաահաբեկչական կենտրոնը վերահսկում է ԱՄՆ կառավարության կողմից ահաբեկչական սպառնալիքների վերաբերյալ հետախուզական տեղեկատվությունը և պահպանում է բոլոր հայտնի և կասկածյալ ահաբեկիչների տվյալների բազան։

Քենթը X-ում հրապարակված Թրամփին ուղղված նամակում գրել է, որ աջակցել է նախագահի արժեքներին նրա առաջին ժամկետի ընթացքում։ Սակայն, ըստ նրա, Թրամփը սխալմամբ ենթարկվել է իսրայելցիների ազդեցությանը, և ինքը չի կարող աջակցել նախաձեռնությանը՝ «հաջորդ սերնդին ուղարկել կռվելու և մահանալու մի պատերազմում, որը ոչ մի օգուտ չի բերում ամերիկյան ժողովրդին և ոչ էլ արդարացնում է ամերիկացիների կյանքի գինը»։

Քենթը ծառայել է բանակի հատուկ նշանակության զորքերում՝ 20-ամյա կարիերայի ընթացքում մասնակցելով 11 մարտական ​​​​գործողությունների, իսկ ավելի ուշ աշխատել է ԿՀՎ-ում: Նրա կինը՝ Շենոն Քենթը, որը ռազմածովային ուժերի կրիպտոլոգ էր, զոհվել է 2019 թվականին Սիրիայում ռմբակոծության ժամանակ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment