Ադրբեջանի թռիչքները Հայաստանի օդային տարածքով․ ինչ կանոններ են գործում

Անի Ավետիսյան, #CivilnetCheck

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում մարտի 16-ից տարածվում են պնդումներ, թե Ադրբեջանը Հայաստանի օդային տարածքը օգտագործում է առանց Հայաստանի թույլտվության։ 

«Նիկոլի օրոք և շնորհիվ Հայաստանը այնքան ինքնիշխան է, այնքան սուվերեն է, որ Ադրբեջանը առանց մեր թույլտվությունը հարցնելու օգտագործում է Հայաստանի օդային տարածքը, թռնում է մեր տների վրայով, մեր տարածքի վրայով»,- տարածած տեսանյութում պնդում է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ 

Տեղեկությունը տարածել են նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գառնիկ Դավթյանը, լրատվամիջոցներ Pastinfo.am-ը, 24news.am-ը, 168.am-ը, ինչպես նաև այլ օգտատերերը։

Պնդումների աղբյուրները

Բոլոր հրապարակումները հղում են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթին, որը, սակայն, 2022-ին հրապարակված հարցազրույցից վերցված մի հատված է։

Տեսանյութում Ալիևն իսկապես ասում է, որ  Հայաստանի օդային տարածքը օգտագործել են առանց «Հայաստանի թույլտվությունը հարցնելու»՝ նշելով, թե դա իրենց իրավունքն է՝ միջազգային ավիացիոն համաձայնագրերով։

Ալիևի այս հայտարարությունը, ինչպես նաև տարիներ անց դրա վերաբերյալ հայկական մեդիայում տարածված մեկնաբանությունները, մանիպուլատիվ են և աղավաղված։

Ադրբեջանի թռիչքների վերսկսումը

Ադրբեջանը Հայաստանի օդային տարածքը օգտագործումը վերսկսել է 2021 թվականի հոկտեմբերի 6-ից։ Այդ օրը ՀՀ օդային տարածքով իրականացվել էր Բաքու–Նախիջևան երթուղով թռիչք, ինչի մասին հայտարարել էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Կոմիտեն նշել էր, որ քաղաքացիական օդանավերի համար ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի օդային տարածքների օգտագործումը երբեք չի սահմանափակվել՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ժամանակահատվածի։

Միևնույն ժամանակ, ընդգծվել էր, որ նման թռիչքներ իրականացվել են նաև նախկինում՝ մինչև 2014-ի նոյեմբերի 8-ը, ինչից հետո ադրբեջանական կողմն իր նախաձեռնությամբ դադարել էր օգտվել Հայաստանի օդային տարածքից։

«Այս ողջ ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանից Ադրբեջանի օդային տարածքով չվերթեր են իրականացվել դեպի այլ երկրներ և հակառակ ուղղությամբ և շարունակում են իրականացվել», – նշել էր Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Թույլտվության հարցը

Կոմիտեն նաև պարզաբանել էր, որ տարանցիկ թռիչքների համար առանձին թույլտվություն չի տրամադրվում, քանի որ քաղաքացիական օդանավերի նման թռիչքները կարգավորվում են գործող ընթացակարգերով։

«Օդային մայրուղիների ընտրության իրավասությունը վերապահված է օդանավ շահագործողներին»,- նշված էր հաղորդագրությունում։

Միջազգային կարգավորումներ և իրավական հիմքը

Միջազգային քաղաքացիական ավիացիան կարգավորվում է ԻԿԱՕ-ի շրջանակում ընդունված Չիկագոյի կոնվենցիայով, որի մասնակից են թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը։ Կոնվենցիայի համաձայն՝ պետությունները պահպանում են լիակատար ինքնիշխանություն իրենց օդային տարածքի նկատմամբ, իսկ օդային տարածքով տարանցիկ թռիչքները կարող են իրականացվել միայն համապատասխան իրավունքների և կարգավորումների շրջանակում։

ICAO-ի կանոնների համաձայն՝ քաղաքացիական օդանավերը, այդ թվում՝ ադրբեջանական, Հայաստանի օդային տարածք մուտք գործելուց առաջ ներկայացնում են թռիչքային պլան։

Հայաստանի օդային երթևեկության կառավարման ծառայությունները, իրենց հերթին, վերահսկում են թռիչքները և ապահովում դրանց անվտանգ տեղաշարժը երկրի օդային տարածքում՝ դիսպետչերական հրահանգների միջոցով։

Ադրբեջանը վճարում է  Հայաստանին

Հայաստանի օդային տարածքով անցնելու համար ավիաընկերությունները նաև վճարում են մատուցված աէրոնավիգացիոն ծառայությունների համար, որի չափը կախված է օգտագործվող օդային ճանապարհի տարածությունից, օդանավի չափերից, քաշից և այլն։

Այս կարգավորումը վերաբերում է նաև ադրբեջանական ավիաընկերություններին, որոնք միայն 2025-ի հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանին վճարել են շուրջ 400 հազար եվրո գումար։ 2021-2024 թվականներին, ըստ FIP.am-ի, ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռները իրականացրել էին 56 թռիչք, որոնց համար Հայաստանին վճարել են ավելի քան 470 հազար եվրո գումար։ 

Փաստացի, օդային տարածքը «առանց թույլտվության» օգտագործել հնարավոր չէ․ յուրաքանչյուր թռիչք իրականացվում է վերահսկվող և հաշվետու գործընթացի շրջանակում։

The post Ադրբեջանի թռիչքները Հայաստանի օդային տարածքով․ ինչ կանոններ են գործում appeared first on CIVILNET.

Leave a comment