ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով երկու երկրների միջև ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները օդային հաղորդակցության, երկկողմ թույլտվություններով իրականացվող ցամաքային փոխադրումների և այլ ոլորտներում։
Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև դեպի «Զվարթնոց» օդանավակայան երկաթուղային ենթակառուցվածք ստեղծելու ծրագրին՝ դիտարկելով իտալական ընկերությունների հետ հնարավոր համագործակցությունը։
Դեսպանը ընդգծել է, որ ուղիղ ավիակապը Հայաստանի և Իտալիայի միջև խթանում է տարեց տարի աճող զբոսաշրջիկների հոսքը, ինչն էլ իր հերթին հետաքրքրություն է առաջացնում իտալական ընկերությունների մոտ՝ ներգրավված լինելու Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները ոլորտային հարցերի շուրջ։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: