Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ սպանվել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և «Բասիջ» աշխարհազորայինների հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանին։
Ըստ իսրայելական կողմի՝ թիրախային օդային հարվածն իրականացվել է մարտի 16-ի գիշերը Թեհրանի կենտրոնում։
Իրանական կողմը պաշտոնապես չի հաստատել այս տեղեկությունը, սակայն պետական լրատվամիջոցները հրապարակել են Լարիջանիի անունից գրված ձեռագիր ուղերձ՝ նվիրված ԱՄՆ հարձակման հետևանքով զոհված նավաստիներին։
Ալի Լարիջանին վերջին անգամ տեսախցիկների առաջ երևացել է մարտի 13-ին Թեհրանում կայացած «Ալ-Քուդսի օրվա» հանրահավաքի ժամանակ։
Հաստատման դեպքում սա կլինի ամենաբարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը 2026-ի փետրվարի 28-ին մեկնարկած պատերազմի սկզբից ի վեր, երբ ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ հարվածների հետևանքով սպանվեցին Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին և նրա ընտանիքի մի քանի անդամներ։
Ղոլամռեզա Սոլեյմանին վերջին վեց տարիներին ղեկավարում էր «Բասիջ» ստորաբաժանումը, որը հանդիսանում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (IRGC) կազմում գործող ներքին անվտանգության աշխարհազորային ուժը։
Ալի Լարիջանին Իրանի քաղաքական հիերարխիայում զբաղեցրել է առանցքային պաշտոններ, այդ թվում՝ խորհրդարանի խոսնակի և միջուկային հարցերով գլխավոր բանակցողի դերերը։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
The post Սպանվել են Իրանի անվտանգության ծառայության ղեկավարն ու «Բասիջ» ջոկատի հրամանատարը․ Իսրայելի ՊՆ appeared first on CIVILNET.