ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում առկա է փոխգործակցության մեծ պոտենցիալ. Դեսպան Շիրղոլամին՝ Ժաննա Անդրեասյանին

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք․ «Վստահաբար, Ձեր գործունեությունը կնպաստի երկու պետությունների շարունակական և արդյունավետ փոխհամագործակցությանը՝ ի շահ Հայաստանի և Իրանի բարեկամական կապերի զարգացման»:

Դեսպան Խալիլ Շիրղոլամին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով՝ ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում առկա է փոխգործակցության մեծ պոտենցիալ, և ամեն ինչ կարվի՝ նպաստելու դրանց իրագործմանն ու ստորագրված համաձայնագրերի կյանքի կոչմանը:

Հանդիպմանը կարևորվել են ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների համագործակցությունը Իրանի գիտակրթական կառույցների հետ, ինչպես նաև ուսանողների փոխանակման, կրթաթոշակային ծրագրերի ակտիվացումը, դիպլոմների փոխճանաչման հարցերը:

Կողմերն առանձնակի ընդգծել են գրականագիտական և մշակութային ոլորտներում երկու ժողովուրդների ժառանգության պահպանման ու հանրահռչակման կարևորությունը՝ թարգմանական ծրագրերի իրականացմամբ, փոխադարձ համերգների կազմակերպմամբ, կինոյի ոլորտում համատեղ ծրագրերի իրագործմամբ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment