ՀՀ սահմանադրական դատարանը 2026-ի մարտի 12-ին հրապարակել է «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքների մի շարք դրույթների սահմանադրականության հարցի վերաբերյալ իր որոշումը: Դիմող կողմը՝ Ազգային ժողովի պատգամավորների առնվազն մեկ հինգերորդը, վիճարկում էր լիցենզիայի դադարեցման, պետության նախապատվության իրավունքի և կանխարգելիչ միջոցառումների կիրառման իրավաչափությունը: Դատարանը որոշել է, որ վիճարկվող բոլոր դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Դիմողի ներկայացուցիչներն էին դատարանում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Արամ Վարդևանյանը:
Հայցը ՍԴ-ն սկսել էր քննել 2025-ի սեպտեմբերից: Ընդդիմադիր պատգամավորները, մասնավորապես, վիճարկում էին ՀԷՑ-ի վերաբերյալ հրատապ կարգով ընդունված օրենքների սահմանադրականությունը:
Դատարանը մասնավորապես սահմանադրական է ճանաչել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավասությունը՝ դադարեցնելու լիցենզիայի գործողությունը: Դատարանն արձանագրել է, որ էներգետիկան գերակա նշանակություն ունեցող ոլորտ է, և պետության միջամտությունն այստեղ ունի սահմանադրական հիմքեր:
Կառավարության՝ էներգետիկայի ոլորտի գույքի կամ բաժնեմասերի ձեռքբերման նախապատվության իրավունքը համարվել է անհրաժեշտ և պիտանի միջոց՝ ազգային անվտանգության և համակարգի հուսալիության ապահովման համար:
Սպառողների շահերի պաշտպանության նպատակով կիրառվող միջոցները (օրինակ՝ ժամանակավոր կառավարչի նշանակումը) համարվել են սահմանադրաչափ: Ըստ դատարանի վերլուծության՝ դրանք պատասխանատվության միջոցներ չեն, այլ ուղղված են համակարգի անխափան աշխատանքի երաշխավորմանը:
Դատարանը գտել է նաև, որ կանխարգելիչ միջոցառումներ կիրառելիս նախկինում կատարված խախտումները հաշվի առնելը չի խախտում օրենքի հետադարձ ուժի արգելքի սկզբունքը:
The post Սահմանադրական դատարանը մերժել է ընդդիմադիր պատգամավորների դիմումը appeared first on CIVILNET.