Կապանում լսված կրակոցների ձայները և «իրանական հարվածները Լեռնային Ղարաբաղում»․ ինչ են ցույց տալիս փաստերը

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի դեմ ռազմական գործողությունների ֆոնին մարտի 5-ին տեղեկություններ տարածվեցին Սյունիքի Կապան քաղաքում լսվող կրակոցների ձայների մասին։ Շուտով սոցիալական ցանցերում սկսեցին շրջանառվել պնդումներ, թե Իրանը հարվածներ է հասցնում Լեռնային Ղարաբաղում տեղակայված իսրայելական ռազմական կառույցներին։ 

Նման ենթադրություն է հայտնել նաև լրագրող Նաիրի Հոխիկյանը՝ գրելով, որ Կապանում լսվող կրակոցի կամ հրետանու ձայները, ըստ «տարածքային տրամաբանության», կարող էին գալ Արցախի հարավում գտնվող Կովսականի (Զանգելան) շրջանից։

Բլոգեր Միկա Բադալյանն էլ գրել է. «Ամենայն հավանականությամբ Իրանը հարվածներ է հասցնում օկուպացված Արցախում գտնվող իսրայելական բազաներին»։ 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ևս նման ենթադրություն է արել՝ գրելով, որ «Կապանում լսվող կրակոցները, չի բացառվում, որ ադրբեջանական կողմից օկուպացված Արցախում իրականացվող օպերացիայի արդյունք են»։

Էկրանապատկերը՝ ֆեյսբուքյան գրառումներից

Նշենք, որ Կապանում կրակոցների ձայների մասին լուրերի տարածման օրը՝ մարտի 5-ին, Ադրբեջանի իշխանությունները հայտարարել էին, որ անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Նախիջևանի օդանավակայանին և Շաքարաբադ գյուղի դպրոցին։ Նախիջևանը գտնվում է Սյունիքի անմիջական հարևանությամբ։ Ադրբեջանը այդ հարվածների համար մեղադրել է Իրանին, իսկ Թեհրանը հերքել է տեղեկությունները և հայտարարել, որ կանցկացնի հետաքննություն։ Պաշտոնական Բաքուն, սակայն, չի հայտնել Լեռնային Ղարաբաղի տարածքին հասցված որևէ հարվածի մասին։

Էկրանապատկերը՝ Google Earth-ից

Արդյո՞ք պնդումները հիմնված են փաստերի վրա

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրառման մեջ նշել էր, թե «Իսրայելը Ֆիզուլիում և Զանգելանում` Իրանի սահմանաեզրին բացված, այսպես կոչված, միջազգային օդանավակայաններում իրականում տեղակայել է իր հետախուզական ռազմաբազաները, որոնք ակտիվ օգտագործվել են մինչև հիմա Իրանի դեմ տեղի ունեցած բոլոր գործողություններում, այդ թվում նաև նախագահ Ռաիսիի սպանության ժամանակ»։ 

#CivilNetCheck-ը կապ է հաստատել Գագիկ Համբարյանի հետ։ Հարցին, թե որն է իր ներկայացրած տեղեկության աղբյուրը, Համբարյանը նշել է, որ դեռևս 2020-ի 44-օրյա պատերազմից հետո իրանական և ռուսական մի շարք լրատվամիջոցներ գրել են ԼՂ-ում իսրայելական բազաների մասին, և ինքը այդ տեղեկությունների հիման վրա է կատարել իր վերլուծությունը։

«Կապանում կարող է լսվել միայն այն, ինչ տեղի է ունենում Զանգելանում, որովհետև Կապանը շատ մոտ է Զանգելանին։ […] Հիմա ես իրավունք ունեմ չէ՞ որպես վերլուծաբան նշել, որ Իրանը կոնկրետ գործողություններ է արել այդտեղ»,- ասաց Համբարյանը։

Նա #CivilNetCheck-ին ուղարկել է ռուսական EADaily հարթակում հրապարակված հոդվածներից մեկը՝ որպես իր պնդումների հիմք։

Հոդվածում, սակայն, խոսվում է միայն այն մասին, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին առնչվող տելեգրամյան ալիքներից մեկը պնդում է, թե իսրայելական դիտարկման կամ լրտեսական բազաներ կարող են լինել Ադրբեջանի Զանգելանի շրջանում։ Նյութում որևէ փաստական տվյալ կամ ապացույց չի ներկայացվում Զանգելանի շրջանում նման բազաների գոյության վերաբերյալ։

Ավելին, Համբարյանի պնդումը, թե իսրայելական ռազմաբազաները օգտագործվել են Իրանի նախագահի սպանության ժամանակ, որևէ փաստական հիմք չունի։

2024 թվականի մայիսի 19-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռի կործանման վերաբերյալ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հրապարակած վերջնական զեկույցի համաձայն՝ ավիավթարի պատճառը բարդ եղանակային պայմաններն էին։ Զեկույցում նշվում է, որ ուղղաթիռը բախվել է լեռանը տեսանելիության կտրուկ նվազման պատճառով՝ թանձր մառախուղի և լեռնային գոտում ամպերի կուտակման պայմաններում։

Իրանի պաշտոնյաները վերջին օրերին և նախկինում բազմիցս հայտարարել են Իսրայելի հնարավոր հետախուզական կամ ռազմական ներկայության մասին Ադրբեջանի տարածքում՝ Իրանի սահմանների մոտ։ Սակայն չի նշվել, որ Լեռնային Ղարաբաղի տարածքն օգտագործվում է Իրանի դեմ գործողությունների համար։ Հատկանշական է, որ նման հայտարարություններ հնչել են նաև մինչև 2020 թվականը, երբ Լեռնային Ղարաբաղի մի մասը անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ։

Լրագրող Նաիրի Հոխիկյանն էլ #CivilNetCheck-ի հետ զրույցում նշել է, որ որևէ տեղեկություն չունի Իրանի կողմից Լեռնային Ղարաբաղին հասցված հարվածների մասին, և իր գրառումը կատարել է՝ հաշվի առնելով Կովսականի (Զանգելանի) աշխարհագրական դիրքը։

«Ես այնտեղ շատ պարզ գրել եմ չէ՞ տրամաբանություն։ Կովսականը Կապանի հարևանությամբ է։ Այսինքն, եթե Իրանի տարածքում  կամ Նախիջևանում է, աշխարհագրորեն ուղղակի անհնար է, որ այնտեղից Նախիջևանում հրետանու պայթյունը Կապանում լսվի»,- ասաց Հոխիկյանը։ 

Լեռնային Ղարաբաղին հասցված հարվածների մասին ապացույցներ չկան

2020-ից հետո Ադրբեջանը սկսել է վերաբնակեցնել Լեռնային Ղարաբաղը։ 2026-ի հունվարի 1-ի դրությամբ այնտեղ բնակվում է շուրջ 73 հազար ադրբեջանցի, իսկ Զանգելանի շրջանում, ըստ ադրբեջանական աղբյուրների, մշտական բնակիչների թիվը կազմում է 1837։

Ուստի, եթե Լեռնային Ղարաբաղի տարածքին իսկապես հարվածներ հասցված լինեին, մեծ հավանականությամբ բաց աղբյուրներում կամ լրատվամիջոցներում կհայտնվեին տեսանյութեր, լուսանկարներ կամ այլ ապացույցներ։

Բացի այդ, բաց աղբյուրների հիման վրա ռազմական գործողությունները քարտեզագրող Liveuamap հարթակում նույնպես տվյալներ չկան Լեռնային Ղարաբաղի տարածքին հասցված հարվածների մասին։

Տեսանյութը՝ liveyouamap.com-ից

Նման տեղեկություն չկան նաև ArcGIS StoryMaps հարթակում հրապարակված քարտեզում, որը ներկայացնում է Իրանի շուրջ ընթացող հակամարտությունը՝ հիմնվելով բաց աղբյուրների և հաստատված տվյալների վրա։ Այստեղ ևս Լեռնային Ղարաբաղի տարածքին հասցված հարվածների վերաբերյալ որևէ տեղեկություն չկա։

Ադրբեջանում իսրայելական բազաների թեզը նոր չէ

Ինչ վերաբերում է Ադրբեջանում իսրայելական բազաների առկայության վերաբերյալ լուրերին, ապա այս թեզը նոր չէ։ Դեռևս 2012-ին ամերիկյան Foreign Policy-ն, հղում անելով անանուն աղբյուրներին, գրել է, որ Իսրայելը հասանելիություն է ստացել Ադրբեջանի ավիաբազաներին։

Իսրայելը իր հերթին հերքել է այս լուրերը՝ դրանք անվանելով գիտական ֆանտաստիկայի ժանրից։

Հետագայում՝ 44-օրյա պատերազմից հետո, որի հետևանքով սահմանների փոփոխություն եղավ, իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար հայտարարել են, որ չեն հանդուրժի Իսրայելի ներկայությունն ու գործունեությունը Իրանի սահմանների մոտ։

Վերջերս՝ 2026-ի մարտի 9-ին Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին «Շանթ» հեռուստաընկերության տաղավարում ասել է, թե Իսրայելը Ադրբեջանում անվտանգային ներկայություն ունի։ 

«Ինչպես մենք զգուշացրել էինք տարածաշրջանի, մասնավորապես, Պարսից ծոցի բոլոր երկրներին, որ այս պատերազմում Միացյալ Նահանգներն ու սիոնիստական ռեժիմը չպետք է օգտագործեն այդ երկրների կարողությունները»,- ասել է դեսպանը։ 

Լեռնային Ղարաբաղում իսրայելական ռազմաբազաների առկայության վերաբերյալ հաստատված տեղեկություններ չկան, իսկ պնդումները, թե Իրանը հարվածներ է հասցրել այնտեղ տեղակայված իսրայելական բազաներին, որևէ փաստացի հիմնավորում չունեն։

The post Կապանում լսված կրակոցների ձայները և «իրանական հարվածները Լեռնային Ղարաբաղում»․ ինչ են ցույց տալիս փաստերը appeared first on CIVILNET.

Leave a comment