Արցախն այսօր հավասար է Իգդիրի հարցին. արցախցիներին կաշառել հնարավոր չէ. Արշակյանը՝ Նարեկ Կարապետյանի հայտարարության մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Արցախի, Կարսի, Իգդիրի հարցը հավասարվել են, Արցախն այսօր հավասար է Իգդիրի հարցին: Մենք ինչ հնարավորություն ունենք Կարս և Իգդիր վերադառնալու, նույն չափով էլ կարող ենք հնարավորություն տեսնել Արցախ վերադառնալու մեջ»,- Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը:
Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ամենակարևոր հարցն Արցախի հայրենակիցներին ՀՀ-ում տնավորելն է, վերադարձի հետ կապված էլ պետք է լինել ազնիվ, քանի որ Ադրբեջանի այս ղեկավարը հնարավորություն չի տալու արցախցիներին անվտանգ այնտեղ ապրել: Հիշեցնենք, որ «Մեր ձևով»-ը նախկինում հայտարարում էր, որ վերադարձի հարցն իրենց համար փակված չէ:
Արշակյանի խոսքով՝ այդ ուժը սիրաշահման քաղաքականություն է վարում. «Իրենց արածը ճիշտ չէ, նրանք քաղաքական առումով հասունացած չեն, չկա գաղափարական ծրագիր, այսօր այսպես ասել, վաղն այնպես, մյուս օրը տեսնենք՝ ինչ կլինի, դա պատեհապաշտություն է: Իրենց հայտարարությունը նշանակում է, որ պատրաստ չեն այդ հարցին պատասխանելու, իրենք ասում են, որ այդ հարցի լուծումն այսօր չունեն, չգիտեն՝ ինչ պետք է լինի: Ինչ-որ մեկը, որն իրենցից խելոք է, բացատրել է, որ դա հնարավոր չէ, մանավանդ իրենք չեն կարող դա անել, որովհետև ազատագրման գործին պատրաստ չեն, նրանք ազատագրիչ չեն, նրանք վայելող, ստացող, շահող են, իսկ վերադառնալ Արցախ՝ նշանակում է գնալ զոհաբերությունների, պայքարի, կորուստների, իրենք դրան պատրաստ չեն»:
Արշակյանը նկատեց, որ նրանք թերագնահատում են արցախցիներին. «Սիրաշահելը նույնպես ընտրակաշառք է, արցախցիներին կաշառել հնարավոր չէ, նրանք գիտեն՝ ում պետք է վստահեն: Իրենց ամբողջ հույսն այն է, որ ինչ-որ մեկն իրենց սկուտեղի վրա կհանձնի իշխանություն, դրա համար ոչ պրոֆեսիոնալ քաղաքական հայտարարություններ են անում: Իրենք հայտարարել են, որ դեմ են հայկական պետության ինքնիշխանությանն ու ժողովրդի ընտրությանը»: