Սահմանադրական բարեփոխումների նախագծի տեքստը պատրաստ է. այս մասին հայտնել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ մարտի 16-ին Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստի ժամանակ: Նախարարի փոխանցմամբ՝ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ներկայումս իրականացնում է ակտիվ աշխատանքային փուլ՝ գումարելով ամենշաբաթյա նիստեր։ Չնայած փաստաթղթի պատրաստ լինելուն, դրա հրապարակման հստակ ժամկետների վերաբերյալ նորություններ դեռևս չկան, քանի որ նախատեսվում է նախագիծը քննարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում և համանուն խորհրդարանական խմբակցությունում, ինչից հետո միայն կկայացվի հրապարակման մասին վերջնական որոշումը։
Նախարարը պարզաբանել է, որ նախագծի տեքստը մշակվել է նախկինում հաստատված հայեցակարգային դրույթների հիման վրա՝ շեշտելով, որ կառավարման գործող համակարգի փոփոխություն չի նախատեսվում։
«Մոտեցումը հետևյալն է, որ կենտրոնում կրկին մարդն է, քաղաքացին, ժողովուրդը, և կառավարման այս կարգից շեղում չկա, որովհետև այն կածիքին ենք, որ ժողովրդավարության սկզբունքների լավագույն արտահայտումը հենց պառլամենտարիզմի մեջ է։ Բայց մենք շատ մեծ փոփոխություններ ենք արել այն համատեքստում, որ փորձել ենք ավելի ապակենտրոնացնել իշխանության թևերը և բալանսավորել՝ օրինակ, վերահսկողական մեխանիզմներ տրամադրելով ԱԺ-ին վարչապետի գործունեության նկատմամբ և այլն»,- ասել է նախարարը ։
Նախագծի կարևորագույն ուղղություններից մեկը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանությանը։ Նախարարության առաջարկով սոցիալական ապահովության և առողջապահության իրավունքները պետք է ստանան հիմնական իրավունքների կարգավիճակ, ինչը պետության համար կստեղծի ավելի մեծ «պոզիտիվ պարտականություն» դրանց պաշտպանության հարցում։ Դատաիրավական համակարգում ևս սպասվում են արմատական բարեփոխումներ, այդ թվում՝ երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրում, գործերի երկաստիճան բողոքարկման և գրավոր քննության հնարավորությունների սահմանում, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման մեխանիզմների ստեղծում։ Բացի այդ, նախատեսվում է վերափոխել դատախազական համակարգը՝ խիստ բրգաձև կառուցվածքից անցում կատարելով կոլեգիալ կառավարման մոդելի՝ Բարձրագույն կամ Գլխավոր դատախազական խորհրդի ստեղծմամբ։
Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ նախագծի տեքստի հրապարակումը նախատեսված է մարտին։
The post Սահմանադրական բարեփոխումների նախագծի տեքստը պատրաստ է. նախարար appeared first on CIVILNET.