Իրանի դեմ պատերազմը ճահճանում է Հորմուզի նեղուցում. ովքե՞ր են վճարում պատերազմի գինը

Երկու շաբաթից ավելի է անցել Իրանի դեմ Իսրայելի ու Միացյալ Նահանգների լայնամասշտաբ հարձակումից։ Պատերազմի ավարտը ոչ միայն մոտ չի թվում, այլ նաև ընդլայնվելով՝ նոր ձևափոխումներ է ստանում։ Կողմերը թիրախավորում են էներգետիկ ենթակառուցվածքներ, նավթավերամշակող կայաններ, իսկ Ծոցի արաբական երկրներին ուղղված հարվածները «սովորական են» դարձել։ Պատերազմը տարածաշրջանում հարուցում է էներգետիկ ու քաղաքական ճգնաժամ և մեծապես ազդում՝ համաշխարհային տնտեսության ընթացիկ զարգացումների վրա։

Իրանը պատերազմում օգտվում է իր գլխավոր խաղաքարտից՝ Հորմուզի նեղուցի գործոնից։ Այն ազդում է ռազմական գործողությունների վրա՝ էապես բարձրացնելով պատերազմի գինը ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համար։

Իրանի մարտավարությունն ու գլխավոր խաղաքարտը պատերազմում

Պատերազմի ընթացքում Իրանի մարտավարությունը փոքր-ինչ փոփոխության է ենթարկվել։ Պատերազմի բռնկումից ի վեր Թեհրանը որդեգրեց դիմադրելու ու համաչափ հարվածելու մարտավարություն։ Սկզբում այդ նպատակին էր ծառայում Իրանի շուրջ՝ Միջին Արևելքում ամերիկյան ռազմաբազաների թիրախավորումն ու Պարսից ծոցի արաբական երկրներին ուղղված հարվածները։ Իրանական կողմը դրանով փորձում էր նաև բարձրացնել պատերազմի գինը Միացյալ Նահանգների և տարածաշրջանում նավթով հարուստ Ծոցի արաբական պետությունների համար։ Հաշվարկի իմաստն այն էր, որ երկար տարիներ անվտանգության կղզյակներ համարվող արաբական երկրները ջանք չխնայեին ԱՄՆ-ին համոզելու հետ կանգնել Իրանի դեմ հարվածներից։ Սակայն այս մարտավարությունը իրեն շատ չարադարացրեց։

Հընթացս Իրանի թիվ մեկ գլխավոր խաղաքարտը Հորմուզի նեղուցի գործոնն է՝ ջրային այդ միջանցքի արգելափակումը, որն էապես ազդում է պատերազմի ընթացքի վրա։ Այն առաջին հերթին ազդել է նավթամթերքի գների վրա։ Համաշխարհային շուկայում մեկ բարելի դիմաց նավթի գինը վերջին օրերին հատել է 100 դոլարի շեմը, այնինչ նավթի գինը նախքան Իրանի դեմ պատերազմը մոտ 65 դոլար էր։ Իրանը սպառնում է նավթի գինը «հասցնել» ընդհուպ 200 դոլարի։

Հորմուզի նեղուցն աշխարհի ամենակարևոր ջրային անցումներից է, որն ապահովում է նավթի համաշխարհային մատակարարումների 20 տոկոսից ավելին։ Իրանից բացի, այս նեղուցով են տեղափոխվում նաև Ծոցի մյուս երկրների նավթը, նավթամթերքն ու հեղուկ գազը։ Հորմուզի նեղուցի արգելափակումը կանխարգելում է արաբական երկրների ելքն արտաքին շուկա, ինչը խոստանում է պատմության ամենամեծ հարվածը հասցնել համաշխարհային էներգետիկ համակարգին։ 

Թեհրանը խիստ սահմանափակել է և կամ փաստացի փակել է իրեն պատկանող Հորմուզի նեղուցի շարժը։ Իրանական կողմը միջազգային նավերի համար հազվադեպ դեպքերում է կանաչ լույս վառում, այն էլ միայն՝ բարեկամ պետությունների համար։ Օրինակ՝ վերջերս հայտնի դարձավ Հնդկաստանին կամ Թուրքիային պատկանող նավերի անցման մասին։

Ուշագրավ է, որ Հորմուզի նեղուցի արգելափակումն առաջին հերթին ուղղված է ոչ այնքան Իսրայելի, որքան Միացյալ Նահանգների դեմ, ինչի ամենամեծ վնասն իրենց վրա զգում են Ծոցի արաբական երկրները։ Սա ևս մի հանգամանք է, որը տարբերություն է մտցնում Իսրայելի ու ԱՄՆ-ի շահերի միջև։

Ճգնաժամը և Ծոցի երկրները

Ծոցի արաբական երկրները որպես ժամանակավոր լուծում պահեստավորում են իրենց նավթամթերքը։ Սակայն դա անցումային որոշում է, քանզի պահուստները չեն կարող անսահամափակ լինել։

Ժամանակավոր այլ լուծում կարող է լինել արդյունահանված արաբական նավթի արտահանումը համաշխարհային շուկաներ այլընտրանքային ճանապարհներով։ Սակայն դա հիմնականում տեսականորեն է հնարավոր, գործնականում այդ ծրագիրը ոչ շահավետ է՝ ծախսատար ու ոչ պակաս վտանգավոր։

Օրինակ՝ Սաուդյան Արաբիան, որը խաղաղ պայմաններում Հորմուզի նեղուցով օրական 6 միլիոն բարել նավթ է արտահանում, տեսականորեն կարող է սեփական նավթամերքը համաշխարհային շուկաներ հասցնել Կարմիր ծովով՝ երկրով մեկ ձգվող Արևելք-Արևմուտք խողովակաշարի միջոցով։ Սակայն այդ դեպքում՝ միայն արտահանման ծավալներն առնվազն կիսով չափ կնվազեն։ Ըստ Reuters-ի հաշվարկների՝ Սաուդյան Արաբիայի վերոնշյալ նավթամուղի առավելագույն թողունակությունը 5 միլիոն բարել նավթի համար է, սակայն Կարմիր ծովի սաուդական Յանբու նավահանգիստը հազիվ ի վիճակի է օրական 2,5 միլիոն բարել նավթ բեռնել։

East-West Pipeline: Նկարը՝ Financial Times-ից։  

Ավելին՝ ռազմավարական բեռների տեղափոխման համար Կարմիր ծովն ինքնին ամենաանվտանգ ուղին չէ։ Պետք է հաշվի առնել Իրանի դաշնակից Եմենի հութիների գործոնը, որոնք պարբերաբար խոչընդոտում են նավերի ընթացքը դեպի Սյուզեի ջրանցք և հակառակ ուղղությամբ՝ դեպի Բաբ-էլ Մանդեբ հանգույցը:

Այլընտրանքային ուղիներ ունեցող մյուս կարևոր երկիրը Արաբական Միացյալ Էմիրությունն է, որը Հորմուզի նեղուցը շրջանցելով կարող է իր նավթամրթերքը Ֆուջեյրա նավահանգստից անցկացնել Օմանի ծոցով։ Սակայն սա գործնականում անհնար գործողություն է, քանի որ նավահանգիստն կրակի տակ է։

Մերձավոր Արևելքից ստացվող նավթամթերքի ու հեղուկ գազի էական մասը բաժին է հասնում Ասիական երկրներին, որոնցից ամենամեծ սպառողները Չինաստաը, Ճապոնիան, Հնդկաստանը և Հարավային Կորեան են։ Զարմանալի չէ, որ այդ երկրները արդեն սկսել են արտակարգ միջոցներ ձեռնարկել կանխելու տնտեսական մեծ վնասների հեռանկարը։

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը հարցականի տակ է դնում արաբական երկրների տնտեսական մոդելի հեռանկարը, որոնք անկայուն տարածաշրջանում դիրքավորվում էին որպես ներդրումների, առևտրի, կոմունիկացիաների ու մատակարարումների համար ապահով հանգրվաններ։

Ընթացիկ պատերազմի հետևանքները, Միացյալ Նահանգների հետ դաշնակցության բերած վտանգները հեռանկարում կարող են փոխել Ծոցի երկրների քաղաքական դիրքորոշումը Վաշինգտոնի նկատմամբ։ 

ԱՄՆ-ի քաղաքականությունը Հորմուզի նեղուցի հարցում

Հորմուզի նեղուցի հարցում Իրանի քաղաքականության ազդեցության մասին են վկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը նեղուցը «բացելու» հարցում։ Նա այդ գործին փորձում է կցել բոլոր այն կարևոր դերակատարներին, որոնք տուժում են նեղուցի արգելափակումից, այդ թվում՝ Չինաստանին ու Եվրամիությանը։ Վերջիններս սակայն չեն փորձում շտապել օգնության նախագահ Թրամփին, այլ հանդես են գալիս պատերազմական գործողությունները հնարավորինս շուտ ավարտելու օգտին։

Հորմուզի նեղուցը վերահսկելու Թրամփի օրակարգը կարող է էլ ավելի լուրջ հետևանքներ թողնել տարածաշրջանի ու համաշխարհային տնտեսության համար։ Իրանը հնարավոր է՝ արգելափակի ցանկացած շարժ։ Բացի այդ, հաշվի առնելով Հորմուզի նեղուցի աշխարհագրությունը՝ ռազմական ճանապարհով այն վերահսկելու ցանկացած քայլ կողմերի միջև կարող է հանգեցնել անվերջանալի պատերազմի։ Եթե Իրանի իշխանությունների համար հարցը գոյաբանական է, ապա հարց է՝ արդյոք ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կամ այլ խաղացողներ պատրաստ են այդ գինը վճարել, թե ոչ։ Ներկա պահին՝ պատասխանը դեռևս բացասական է։ Ամենայն հավանականությամբ՝ առանձին պետություններ Հնդկաստանի, Թուրքիայի օրինակներով կարող են առանձին բանակցել Իրանի իշխանությունների հետ։

Հեգնականորեն, պատերազմը, որի հիմնական շահառուն Իսրայելն է, կարող է ավելի մեծ գին արժենալ ԱՄՆ-ի ու նրա տարածաշրջանի դաշնակիցների համար։ Ավելին՝ մի շարք փորձագետներ արդեն սկսում են հնարավոր համարել, որ Իրանն այդքան հեշտ չի հրաժարվի Հորմուզի նեղուցի խաղաքարտից անգամ պատերազմի ավարտից հետո և կարող է այն օգտագործել բանակցային հարթակում որպես սակարկման առարկա։

The post Իրանի դեմ պատերազմը ճահճանում է Հորմուզի նեղուցում. ովքե՞ր են վճարում պատերազմի գինը appeared first on CIVILNET.

Leave a comment