Ապօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել

Ապօրինի ծառահատման դեպքերը չարձանագրելու դիմաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք կաշառք են ստացել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Գործը վերաբերում է ապօրինի ծառահատումների դիմաց կաշառք ստանալու և ծառայողական լիազորությունների չարաշահման դեպքերին։Քննությամբ պարզվել է, որ մասնաճյուղի անտառապետերից մեկը անտառապահի հետ գործելով խմբի կազմում, ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ապօրինի ծառահատումներ իրականացնող անձանց օգտին։ Վերջիններիս կողմից իրականացվող ծառահատումները չարձանագրելու դիմաց պաշտոնյաները պարբերաբար ստացել են կաշառք։Նախաքննության տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերին նույն անտառապետը երկու քաղաքացուց պահանջել է 105 հազար դրամ կաշառք՝ նրանց կողմից իրականացված ապօրինի ծառահատումները չարձանագրելու դիմաց։ Գումարի մի մասը նախատեսված է եղել փոխանցել անտառապահին։Նույն ժամանակահատվածում բացահայտվել է նաև մեկ այլ դեպք, երբ անտառապետն ու անտառապահը խմբի կազմում կաշառք են ստացել ապօրինի ծառահատումների դիմաց։Քրեական վարույթի ընթացքում պարզվել է նաև, որ հիշյալ անտառապետը չի արձանագրել անտառտնտեսության տարածքում այլ անձանց կողմից իրականացվող ապօրինի ծառահատումները։ Քննության տվյալներով՝ դա արվել է, որպեսզի վերջիններս իրավապահ մարմիններին չհայտնեն նրա կողմից կազմակերպված ապօրինի ծառահատումների դեպքերի մասին։Անտառապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ) և 441-րդ հոդվածի 1-ին մասով։ Մեղադրանք է առաջադրվել նաև ևս երեք անձի, այդ թվում՝ անտառապահին։Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։Նախաքննության ընթացքում բացահայտվել են նաև նույն մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու այլ դրվագներ, որոնց վերաբերյալ քննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կարդալ ավելին

Leave a comment