Գերմանիան չի տեսնում ՆԱՏՕ-ի դերակատարումը Հորմուզի նեղուցում տարանցման վերականգնման հարցում

Քաղաքականություն

16.03.2026 | 15:46

Բեռլինը չի տեսնում ՆԱՏՕ-ի դերը Հորմուզի նեղուցի շրջափակման կարգավորման հարցում, Բրյուսելում հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը, գրում է DW-ն։

«Ես չեմ տեսնում, որ ՆԱՏՕ-ն որևէ որոշում է կայացրել այս ուղղությամբ կամ կարող է պատասխանատվություն կրել Հորմուզի նեղուցի համար։ Եթե այդպես լիներ, ապա ՆԱՏՕ-ի մարմինները համապատասխանաբար կանդրադառնային դրան»,- ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ ասել է նա։

Վադեֆուլը նաև կոչ է արել ԱՄՆ-ին և Իսրայելին՝ ավելի շատ տեղեկատվություն տրամադրել Իրանի դեմ պատերազմի հետագա ընթացքի վերաբերյալ:

«Առաջին հերթին՝ կարևոր կլինի, որ ԱՄՆ-ը և Իսրայելը պարզաբանեն, թե երբ են համարում իրենց գործողության ռազմական նպատակները ձեռք բերված: Մեզ անհրաժեշտ է ավելի շատ պարզություն այս հարցում»,- ասել է նա:

Մինչդեռ, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսնակը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը, որը սկսվել է Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներով, «ոչ մի կապ չունի ՆԱՏՕ-ի հետ» և «ՆԱՏՕ-ի պատերազմը չէ»։

«ՆԱՏՕ-ն տարածքների պաշտպանության դաշինք է, և ՆԱՏՕ-ի տեղակայման մանդատը բացակայում է ներկայիս իրավիճակում»,- ասել է Ստեֆան Կոռնելիուսը մամուլի ասուլիսի ժամանակ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծացրել էր ճնշումը եվրոպացի դաշնակիցների վրա նեղուցը պաշտպանելու համար՝ նախազգուշացնելով, որ ՆԱՏՕ-ն «շատ վատ» ապագայի առաջ է կանգնած, եթե անդամները չօգնեն Վաշինգտոնին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment