Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Սոցցանցերում մարտի 14-ից տարածվում են գրառումներ, թե «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու մասին։
Գրառումներում հրապարակված է Բաղդասարյանի լուսանկարը՝ հետևյալ գրությամբ․ «Ես անվերապահորեն աջակցում եմ Սամվել Կարապետյանին և միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը»։
Արթուր Բաղդասարյանի պաշտոնական էջում, ինչպես նաև վերջին օրերին լրատվամիջոցներում նրա կողմից նման հայտարարություն չի հրապարակվել։
#CivilNetCheck-ը կապ հաստատեց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ, որը հերքեց տարածվող տեղեկությունը։
«Պարոն Բաղդասարյանը դուրս է եկել քաղաքականությունից և որևէ ուժի վերաբերյալ նման հայտարարություն չի արել»,- ասաց Բիշարյանը։
Ովքե՞ր են տարածել կեղծ տեղեկությունը
Բաղդասարյանին վերագրվող հայտարարությանը անդրադարձել է նաև Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը։
«Երիտասարդները չեն հիշի, բայց պետք է իմանան, թե ով է Արթուր Բաղդասարյանը և երբ է նա սովորաբար հայտնվում քաղաքական դաշտում…»,- գրել է Վարդանյանը։
Փաստացի նա մեկնաբանել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։ Նրա գրառումը տարածել են իշխանամերձ լրատվամիջոցներ՝ armtimes.com, civic.am, radar.am և այլն։
Այսպիսով՝ սոցցանցերում տարածվում է Արթուր Բաղդասարյանին վերագրվող հայտարարություն նրա՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու մասին, որը չի համապատասխանում իրականությանը։
The post Արթուր Բաղդասարյանին վերագրվում է կեղծ հայտարարություն «Ուժեղ Հայաստան»-ին միանալու մասին appeared first on CIVILNET.