Իրանի զինված ուժերը հայտարարել են Միացյալ Արաբական Էմիրությունների (ՄԱԷ) մի քանի քաղաքներում տեղակայված ամերիկյան հրթիռային արձակման կայանքներին հարվածելու ծրագրի մասին։ Այս մասին հայտնում է Rasnim գործակալությունը:
«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ ամերիկյան ուժերը հրթիռային հարվածներ են հասցրել իրանական Աբու Մուսա և Խարգ կղզիներին այն բանից հետո, երբ տարածաշրջանում ԱՄՆ ռազմաբազաների ոչնչացման պատճառով ապաստան են գտել Էմիրությունների նավահանգիստներում և քաղաքային թաքստոցներում։
Իրանի Իսլամական Հանրապետությունը հայտարարել է, որ սեփական ինքնիշխանությունը պաշտպանելու նպատակով «օրինական իրավունք» ունի թիրախավորելու ամերիկյան թշնամիների հրթիռային կայանները, որոնք գտնվում են ՄԱԷ-ի նավահանգիստներում ու բնակավայրերում։ Իրանական կողմը պաշտոնապես դիմել է ՄԱԷ-ի մուսուլման բնակչությանը՝ հորդորելով անհապաղ տարհանվել նավահանգիստներից և ամերիկյան զինվորականների հնարավոր թաքստոցներից՝ վտանգից խուսափելու համար։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
The post Իրանը սպառնում է հարվածել ԱՄԷ-ում գտնվող ամերիկյան հրթիռակայաններին appeared first on CIVILNET.