Զելենսկին Փարիզում հանդիպել է Իրանի շահի որդու՝ Ռեզա Փահլավիի հետ

Քաղաքականություն

14.03.2026 | 13:49

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին հանդիպել է Իրանի վերջին շահի որդու՝ ընդդիմադիր գործիչ Ռեզա Փահլավիի հետ։ Փարիզում կայացած հանդիպումից հետո Զելենսկին X սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Ուկրաինան ցանկանում է «ազատ Իրան», որը «չի համագործակցի Ռուսաստանի հետ»․ գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նա նշել է, որ կարևոր է, որ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը «չշահի» Իրանի հետ պատերազմից, և որ իրանցի ժողովուրդը կարողանա որոշել իր ճակատագիրը։ Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Փահլավիին «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության հստակ հավաստիացումների» համար։

Իրանի շահի որդու հետ հանդիպումը տեղի է ունեցել Զելենսկու և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև բանակցություններից հետո։ Զելենսկին և Փահլավին արդեն հանդիպել էին մոտ մեկ ամիս առաջ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a comment