Փաշինյանը հաստատել է, որ Էդիտա Գզոյանն իր «խնդրանքով» է դիմում գրել

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ իր խնդրանքով է Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանը հրաժարականի դիմում գրել:

«Իմ ցուցումով, այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ եւ սադրիչ գործողություն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ թանգարանի տնօրենը հեռացվե՞լ է, քանի որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախի վերաբերյալ գի՞րք է նվիրել: 
«Սա անվտանգության հարց է. երբ երկրի վարչապետն ասում է, որ Ղարաբաղյան շարժումը պետք է դադարեցնել, չի կարող լինել պաշտոնյա, որ կշարունակի շարժումը: Օտարերկրյա հյուրին արցախյան հիմնահարցի թեմայով գիրք նվիրելն ի՞նչ է նշանակում։ Էս երկրում քանի՞ հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ ՀՀ-ում արտաքին քաղաքականություն վարում է ՀՀ կառավարությունը եւ այն պետական պաշտոնյան, որն այդ քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:   
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատման դիմում է գրել։  
Կարդացեք նաեւ՝ Ցեղասպանության թանգարանի գլխատումն ու ճահճի մեջ մնալու ցանկությունը:

Leave a comment