Խաչատուրյանը, երբ պտտվում էր Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ, երբևէ ասե՞լ է, որ բարեկեցությունը կարևոր է մնացած ամեն ինչից



ՀՀ նախագահի պաշտոնում հայտնված Վահագն Խաչատուրյանը Դավոսում՝ Ալիևի ներկայությամբ, հանդես եկավ բաժակաճառով, քանի որ նրա ելույթը ծայրից ծայր ապաքաղաքական էր ու բացի կենացից, այլ գնահատական տալ հնարավոր չէ։ Սակայն նույնիսկ որպես բաժակաճառ, այն զուրկ էր ազգային արժանապատվությունից ու կար քողարկված քծնանք՝ հենց իր կողքը նստած Ադրբեջանի նախագահի հանդեպ։ Իր «ելույթում» նա նշում է, որ մեր երկու երկրների ղեկավարները (մեր երկու երկրներ ասելով նկատի ունի Հայաստանն ու Ադրբեջանը) մարդկանց բարեկեցիկ ապրելու հնարավորությունը գերադասել են մնացած ամեն ինչից։


Իսկ ո՞րն է այդ մնացած ամեն ինչը։ Եթե հաշվի առնենք, որ հենց իր կողքին նստած Ալիևը ստացել է ու շարունակում է ստանալ այն ամենը, ինչ ուզում է ու ոչինչ չի կորցրել, ապա ստացվում է, որ այդ «մնացած ամեն ինչը» Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախն է, արցախցիների վերադարձի իրավունքը, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող ՀՀ տարածքները, մեր պատմական հիշողությունն ու Հայոց ցեղասպանությունը, Հայ Առաքելական Եկեղեցին ու ազգային արժեքները։ Ի հավելումն իր խոսքի` Վահագն Խաչատուրյանը շեշտում է, որ ինքն այն «քաղաքական գործիչներից» է, որը միշտ խոսել է խաղաղությունից։


Ես Վահագն Խաչատուրյանին ճանաչում եմ շուրջ 20 տարի, և մեր ոչ մի շփման, ոչ մի հանդիպման, ոչ մի ընդհանուր քննարկման ժամանակ նա երբևէ չի խոսել ո՛չ Արցախի հիմնահարցից, ո՛չ էլ արտաքին քաղաքականությունից, ու երբեմն ստեղծվում էր տպավորություն, որ նա բացի տնտեսությունից, որևէ այլ որոլտի մասին նվազագույն իսկ պատկերացումներ չունի։


Ինչ վերաբերում է խաղաղությանը, ապա բոլորն են խաղաղություն ուզում, սակայն ոչ ազգային արժանապատվության, հայրենիքի նվիրատվության ու բարեկեցության հաշվին։ Սակայն եթե իրոք նրա համար բարեկեցությունը առավել է, քան «մնացած ամեն ինչը», ապա ինչո՞ւ էր նա տարիներ առաջ պտտվում Լևոն Տեր-Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի ու ՀՀՇ-ի շուրջ, որոնք «մնացած ամեն ինչը» վեր էին դասում բարեկեցությունից։ Իհարկե, բարեկեցությունը կարևորագույն գործոն է, սակայն այն անձինք, որոնց արբանյակն էր հանդիսանում ներկայումս ՀՀ նախագահի աթոռին բազմած անձը, երբեք չփորձեցին ազգային շահերի, Արցախի ու հայրենիքի մասնատման հաշվին ապահովել մարդկանց կերակրել «այստեղ հաց, այստեց կաց» տխմարաբանությամբ։ Նույնիսկ հակառակը՝ զոհողությունների գնով նրանք հաղթեցին Ադրբեջանին մարտի դաշտում, ազատագրեցին Արցախն ու հռչակեցին Հայաստանի Հանրապետության անկախությունը, զոհողությունների գնով Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծեցին անվտանգային հզոր պատնեշ, ինչը փոշիացվեց բարեկեցությունը գերադասող ՔՊ-ական իշխանության կողմից։


Կարեն Կարապետյան

Leave a comment