Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Թաշչյանը։ Այս մասին հայտնում են ՀՑԹԻ մամուլի ծառայությունից։
«Օրերս կայացել է ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը։ Այն ընդունել է որոշում Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնին նշանակել Հրաչյա Թաշչյանին։ Վերջինս մարտի 13-ից անցել է իր պարտականությունների կատարմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հրաչյա Թաշչյանը կփոխարինի Էդիտա Գզոյանին, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ցուցումով հրաժարականի դիմում է գրել։
Փետրվարի 10-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ուղեկցել էր Գզոյանը։ Նա Վենսին Արցախի հիմնախնդրի մասին գիրք էր փոխանցել և ներկայացրել էր ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված խաչքարերը։
Վարչապետ Փաշինյանը Գզոյանի այս քայլը համարել է Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականությանը հակասող և սադրիչ գործողություն։
The post Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել appeared first on CIVILNET.