Թրամփի՝ Չինաստան այցից հետո ԱՄՆ-ն կարող է հաստատել զենքի մատակարարումը Թայվանին. Reuters


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հաստատել Թայվանին զենքի խոշոր գործարքը՝ մարտի վերջին Չինաստան կատարելիք այցից հետո՝ հայտնել է Reuters-ը։


Ըստ գործակալության՝ 14 միլիարդ դոլարի զենքի գործարքը հիմնականում ներառում է հակահրթիռային համակարգեր, մասնավորապես՝ Patriot համակարգում օգտագործվող PAC-3-ը, և NASAMS-ը։


Reuters-ը հայտնել է, որ սպասվում է ևս 6 միլիարդ դոլարի «ասիմետրիկ պաշտպանության միջոցների» փաթեթի հաստատումը։ Գործակալության աղբյուրը հրաժարվել է բացահայտել, թե ինչ զենք կարող է տրամադրվել կղզուն այդ գործարքի շրջանակներում։


Փետրվարի վերջին The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ վարչակազմը հետաձգել է Թայվանին միլիարդավոր դոլարի սպառազինությունների փաթեթի վաճառքը՝ զգուշանալով Չինաստանի նախագահ Սի Ծինփինի բացասական արձագանքից՝ մարտի վերջին կամ ապրիլի սկզբին այդ երկիր ԱՄՆ նախագահի այցից առաջ:


Փետրվարին Չինաստանի առաջնորդը Թրամփին ասել էր, որ Թայվանին զենքի վաճառքը պետք է իրականացվի «զգուշությամբ»։

Leave a comment