Նոյեմբերյանում ընթացող ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Մխիթար Խաչիկյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ընտրական գործընթացին, իր հնարավորություններին և հայտարարագրած ֆինանսական միջոցների ծագմանը։
Խաչիկյանի խոսքով՝ ընտրությունները համայնքում նորմալ են ընթանում, և նախընտրական շրջանում ու քվեարկության ընթացքում իրենց շտաբը որևէ արտառոց դեպքի կամ խախտման վերաբերյալ ահազանգ չի ստացել։ Նա իր թիմի շանսերը բարձր է գնահատել՝ նշելով, որ բարձր մակարդակի քարոզարշավ են իրականացրել։ Ինչ վերաբերում է ընտրություններից հետո հնարավոր լարված կամ դրամատիկ զարգացումներին, թեկնածուն բացառել է նման սցենարը՝ ընդգծելով, որ Նոյեմբերյանում մարդիկ ճանաչում են միմյանց, և փոխադարձ հարգանքը միշտ ավելի բարձր է եղել։
Պատասխանելով Factor TV-ի հարցին, թե ինչու է որոշել «Գազպրոմից» տեղափոխվել ՏԻՄ ոլորտ՝ Խաչիկյանը նշել է, որ իրեն առաջնորդել է համայնքի զարգացման հանդեպ մտահոգությունը և իր ներուժը Նոյեմբերյանին ծառայեցնելու ցանկությունը։
Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, թե ՔՊ ընտրացուցակում մեծ կարողությունների տեր թեկնածուներ կան, և ինքն էլ ամենահարուստ թեկնածուներից է, Մխիթար Խաչիկյանը նշել է, որ բոլորի հայտարարագրերին ծանոթ չէ, իսկ իր միջոցները գոյացել են աշխատավարձից։
«Ես հայտարարագրել եմ իմ աշխատավարձը, որը այնտեղ, կարծում եմ, ամենաբարձրն է, բավականին բարձր աշխատավարձ եմ ստանում, ամեն ինչ հայտարարագրված է, առանձնապես այլ եկամուտներ չունեմ»,- ասաց նա։
Ցուցակի մեկ այլ թեկնածուի հայտարարագրած շուրջ 29 մլն դրամ շահութաբաժնի վերաբերյալ էլ նա նշել է, որ մանրամասներին տեղյակ չէ, սակայն դա, ամենայն հավանականությամբ, կապված է վերջինիս կողմից որոշ ընկերություններում ունեցած մասնակցության հետ։
Մխիթար Խաչիկյանը նաև հայտարարել է, որ ընտրություններում պարտվելու դեպքում պատրաստ է ընդունել համայնքի բնակիչների որոշումը, հարգանքով վերաբերվել դրան և աշխատել ավագանու կազմում՝ որպես ընդդիմություն։
Մանրամասները՝ տեսանյութում։